Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված երիտասարդ տղան մահացել է։
Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ այսօր, ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։
Sputnik Արմենիային հայտնի են դարձել դեպքի մանրամասները։
Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։
Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։
Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխը անճանաչելիորեն ջնջխված է եղել։
Հետագայում կպարզվի, թե վնասվածքներն արջի հետ կռվի, թե գլխով քարերին բախվելու հետևանք են։
Մեր տեղեկություններով՝ արջը ողջ է մնացել, քանի որ հայտնաբերվել է միայն երիտասարդի դին․ ամենայն հավանականությամբ՝ կենդանին փախել է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։