Հայոց ցեղասպանության թանգարանն ու Լեփսիուսի տուն-արխիվը վերակնքեցին համագործակցության պայմանագիրը
Advertisement 1000 x 90

Հայոց ցեղասպանության թանգարանն ու Լեփսիուսի տուն-արխիվը վերակնքեցին համագործակցության պայմանագիրը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի (Լեփսիուսհաուզ – Lepsiushaus Potsdam) միջև գործող համագործակցության պայմանագրի վերակնքման արարողություն:

Պայմանագիրը ստորագրեցին Լեփսիուսի տուն-արխիվի գիտական տնօրեն դր. Ռոլֆ Հոսֆելդը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հարություն Մարությանը:

Միջոցառման սկզբին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջույնի խոսք ուղղեց ներկաներին, ապա պարոն Ռ. Հոսֆելդը ներկայացրեց Լեփսիուսի տուն-արխիվի գործունեությունը, ՀՑԹԻ հետ կնքած պայմանագրի կարևորությունը ու դրա հեռանկարները:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Լեփսիուսի տուն-արխիվում եղած համիդյան շրջանի (1895-1897 թթ.) հայկական կոտորածներին վերաբերող բացառիկ նշանակություն ունեցող թվայնացված արխիվային նյութերի հանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Արխիվային նյութերի թվայնացումն իրականացվել է Գերմանիայում Ավետարանական եկեղեցու կրթաթոշակի (EKD) շրջանակներում Լեփսիուսի տուն-արխիվում հետազոտություններ անցկացնող, ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրական կազմի անդամ, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանի կողմից, որը և համառոտ տեսաշարի միջոցով ներկայացրեց այդ նյութերի գիտական ու պատմական նշանակությունը, դրանցից օգտվելու ձևը։

Պայմանագիրը ենթադրում է մի շարք համագործակցություններ՝ Լեփսիուսի տուն-արխիվը և ՀՑԹԻ-ն պարտավորվում են փոխադարձաբար օժանդակել միմյանց` հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, դոկտոր Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործին ու, մասնավորապես, հայ ժողովրդի զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ընթացքում նրա գործունեությանը նվիրված մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպման և ամբողջացման հարցում, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի փրկության ու վերածննդի, հայ-գերմանական հարաբերությունների և համատեղ հետաքրքրություն ներկայացնող, արդիական հնչեղություն ունեցող այլ թեմաներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում:

Կողմերը պարտավորվում են նաև փոխադարձաբար օժանդակել միմյանց վերոհիշյալ թեմաներով տարվող հետազոտական աշխատանքների ասպարեզում` փոխանակելով իրենց հրատարակությունները, նախապատրաստելով համատեղ հրատարակումներ, ինչպես նաև կազմակերպելով հայ և գերմանացի գիտաշխատողների (հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների) փոխանակումը՝ գործուղումների ընթացքում ապահովելով նրանց մասնագիտական ղեկավարությամբ ինչպես Պոտսդամում, այնպես էլ Երևանում:

Կարևոր կետերից են նաև համատեղ հայ-գերմանական գիտաժողովների և աշխատաժողովների անցկացումը, Ցեղասպանության դասավանդման ոլորտում՝ մեթոդաբանության մշակումը, դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներկայացումը, Հայաստանում և Գերմանիայում ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և այլն: Պայմանագիրը կնքվեց հինգ տարի ժամկետով:

ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը պարոն Ռոլֆ Հոսֆելդին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: