Վերջին ամիսներին Հայաստանի իշխանություններն ավելացրել են մարդկանց թիվը, ովքեր կարող են բուժօգնություն ստանալ պետպատվերի շրջանակում։ Միաժամանակ կրճատվել են գումարները, որոնք պետությունը վճարում է մեկ պացիենտին մատուցվող ծառայությունների համար։ Դա հանգեցրել է մի շարք լուրջ խնդիրների, և ոչ միայն բժշկական կենտրոնների, այլ նաև հենց պացիենտների համար, ինչպես կարծում է «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի բժշկական տնօրեն Արամ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնների միջև պետպատվերի բաշխման թափանցիկությունը սակավարդյունավետ է, քանի որ չի համադրվում գնագոյացման թափանցիկության հետ պետպատվերի ոլորտում. անհասկանալի է, թե ինչպես է այն հաշվարկվում, ո՞ր օբյեկտիվ ցուցանիշներից ելնելով է պետությունը վճարում այս կամ այն ծառայության համար, և արդյունքում՝ որոշ ծառայությունների գները ստացվում են անգամ ավելի ցածր այդ ծառայությունների ինքնարժեքից։
Օրինակ, նախկինում, մոտ 20 տարվա ընթացքում պետությունը վճարում էր ՄՌՏ-ի համար 55 հազար դրամ՝ չնայած ինֆլյացիային և գների աճին։ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանն այդ գումարը կրճատեց մինչև 35 հազար, իսկ ներկայիս նախարար Արսեն Թորոսյանն իջեցրեց մինչև 25 հազարի։ Մի կողմից՝ նախարարության տրամաբանությունը հասկանալի է. եթե նվազում է ծառայության արժեքը, այդ նույն գումարով ծառայությունը կարող են ստանալ ավելի շատ պացիենտներ։ Բայց խնդիրն այն է, որ ՄՌՏ-ի ինքնարժեքը, անգամ հաշվարկված այն սկզբունքների և բանաձևերի համաձայն, որոնք նշված են առողջապահության նախարարության 25.03.09-ի N 731-L հրամանում, Արամ Քոչարյանի խոսքով՝ կազմում է մոտ 49 հազար դրամ Երևանում և մոտ 43 հազար դրամ Գյումրիում։ Դա գրեթե կրկնակի ավելի է, քան պետությունն այսօր վճարում է ՄՌՏ անցկացնելու համար պետպատվերի շրջանակում։
Գոյություն ունեցող գներից, ըստ Քոչարյանի, դժգոհ են բոլոր կենտրոնները, որոնցում ՄՌՏ կամ համակարգչային տոմոգրաֆիա են անցկացնում։ Իսկ երբ նրանք դիմել են կառավարություն և առողջապահության նախարարություն՝ նամակով, որտեղ խնդրել են բացատրել, թե ինչպես է հաշվարկվել այդ 25 հազար դրամը ՄՌՏ-ի համար, նրանք խուսափողական պատասխան են ստացել այն մասին, որ նախկինում գները չափից ավելի բարձր են եղել, և նրանք գերշահույթ են ստացել պետպատվերից։
«Երբ նախկին նախարարը կրճատեց պետության վճարած գումարը 30 տոկոսով, ինքը՝ Արսեն Թորոսյանը, որն այն ժամանակ ղեկավարում էր «ՄԻԲՍ» կենտրոնը, ասաց, որ դա պարզապես անթույլատրելի է և անգամ ցուցադրաբար հրաժարվեց պետպատվերից։ Ի՞նչն է հիմա նրան ստիպել էլ ավելի կրճատել այդ գումարը»,- հարցնում է Արամ Քոչարյանը։
Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել պետպատվերով ծառայությունների գների իջեցումը։
Երբ բժշկական հաստատությունների եկամուտները կրճատվում են, նրանք ստիպված անցնում են ճգնաժամային կառավարման. սկսում են կրճատել ծախսերը։ Առաջին հերթին կրճատվում են նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը։ Հետո՝ արդեն առկա սարքավորումների սպասարկման ծախսերը։
«Եթե խոսքը, օրինակ, լաբորատորիայի մասին է, ապա այնտեղ կան սարքավորումներ, որոնք մշտական տեխսպասարկման և տրամաչափարկման կարիք ունեն: Եթե այդ ամենը չանենք կամ հազվադեպ անենք, ապա դա կազդի անալիզների արդյունքների ճշգրտության վրա»,- բացատրեց Արամ Քոչարյանը:
Ապա բուժկենտրոնները կկրճատեն դեղորայքի ծախսերն ու ավելի էժան դեղորայք ձեռք կբերեն:
Եթե այդ բոլոր միջոցները բավարար չլինեն՝ եկամուտն ու ծախսերը հավասարեցնելու համար, ապա հաստատությունները ստիպված կլինեն կրճատել աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ բժիշկները, որոնք ավելի քիչ աշխատավարձ են ստանում, սկսում են քիչ ծախսել իրենց կրթության վրա, հազվադեպ հաճախել կոնֆերանսների, իսկ դա, իհարկե, անդրադառնում է նրանց պրոֆեսիոնալիզմի վրա: Նրանցից ոմանք պացիենտից գումար ստանալու փորձերի են դիմում:
Արդյունքում՝ այդ ամենն ազդում է տրամադրված բժշկական ծառայությունների մակարդակի վրա, և տուժում են պացիենտները, ախտորոշման կամ բուժման համար հին կամ անհրաժեշտ տեխսպասարկում չստացած սարքավորումներ, ավելի էժան դեղորայք են օգտագործում: Այդ ամենը դրվում է բժիշկների ուսերի վրա, որոնք ժամանակ և գումար չունեն վերապատրաստման և որակավորումը բարձրացնելու համար: Գաղտնիք չէ, որ այդ բոլոր գործոնների պատճառով բուժօգնության որակն ընկնում է և կոռուպցիոն ռիսկեր են առաջանում:
Արամ Քոչարյանը նշեց, որ եթե ոչ հեռավոր ապագայում Հայաստանում ծրագրվում է համընդհանուր բժշկական ապահովագրություն ներդնել, և եթե այն կազմակերպվի այնպես, ինչպես այժմ կազմակերպվում է պետպատվերի ծառայությունների համար ծախսերի փոխհատուցումը, ապա դա կարող է առողջապահության ոլորտում իրական ճգնաժամի հանգեցնել: