Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 22-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կազմակերվել է չարթերային թռիչքով, որի համար պետական բյուջեից հատկացվել է ոչ ավել, ոչ պակաս 400.000 ԱՄՆ դոլար։
Տեղեկությունների հետքերով իրականացրած հետաքննության արդյունքում Politik.am-ը պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանը և կառավարական պատվիրակությունն իսկապես ԱՄՆ այցն իրականացրել են չարթերային թռիչքով, որի ծախսերը կազմել են 330.000 ԱՄՆ դոլար։
Որքան է արժեցել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ պետական բյուջեի վրա համաձայն վարչապետի աշխատակազմի
AntiFake.am-ը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։
Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կազմակերպվել է չարթերային թռիչքով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են նաև, որ մյուս ծախսերի հետ կապված տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել միայն այցի ավարտից հետո։
Ավելի վաղ վարչապետի խոսնակը պարզաբանում էր ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որ վարչապետի այցը ԱՄՆ չարթերային չվերթով կազմակերպման նպատակը պայմանավորված է ԱՄՆ-ում վարչապետի խիստ հագեցած օրակարգով։
Արդյոք հիմնավոր է պետական բյուջեից 165 միլիոն դրամի ծախսը չարթերային թռիչքով ԱՄՆ այցի համար
Նշենք, որ պետական բյուջեից 165 միլիոն դրամի ծախսը պետք է հիմնավորվի ոչ թե «խիստ հագեցած գրաֆիկով», այլ առաջին հերթին այցի արդյունավետությամբ։
Ինչպես տեղեկանում ենք primeminister.am կայքում տեղադրված մամլո հաղորդագրություններից, Նիկոլ Փաշինյանը իր այցը սկսել է հանդիպելով Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության, Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի, Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների, Դաշնակցության` ԱՄՆ Արևմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ղեկավարների հետ: Այնուհետև վարչապետը անցկացրել է ասուլիս, որտեղ պատասխանել է լրագրողների, այդ թվում Հայաստանից մեկնած, հարցերին։ Այնուհետև Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։
Այցը դեռ շարունակվում է, սակայն նկատում ենք, որ դեռևս 3 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան եղել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետը: Նախկինում արտաքին գործերի նախարարի հանդիպումները ամերիկյան ղեկավարության հետ ավելի բարձր մակարդակով են եղել, քան Նիկոլ Փաշինյանի հանդիպումները:
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ, մասնակցել վերջինիս անունից տրված պաշտոնական ընդունելությանը, ներկա գտնվել գալա ընդունելությանը, որին մասնակցել են համայնքի շուրջ 700 ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին:
Այսպիսով, չնայած Նիկոլ Փաշինյանի «հագեցած օրակարգով այցին», այնուամենայնիվ, վերջին 3 օրերին վարչապետը չի հանդիպել ամերիկյան բարձր իշխանության որևէ ներկայացուցչի հետ, ի հակադրություն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հավաստիացումների, թե այսօր գոյություն ունի հայ-ամերիկյան ծավալուն օրակարգ։
Նման պայմաններում, կանխատեսելով այս այցի գործնական արդյունքները, ակնհայտ է դառնում, որ վարչապետի ԱՄՆ այցը ՀՀ հարկատուների հաշվին պետական բյուջեի միջոցներից չարթերային թռիչքով կազմակերպելը արդարացված չէ։
Աստղիկ Մաթևոսյան
Մելինե Հայրապետյան