Կրթության ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու, դրանք ուսումնասիրելու, խնդիրների լուծման եղանակներ որոնելու նպատակով սեպտեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը, որին մասնակցում է ավելի քան ութսուն հյուր, անցկացվեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Անդրադառնում ենք այն հիմնական թեմաներին, որոնք այսօր արդիական են կրթության ոլորտում։ Խոսքը կրթության որակի, գիտության և կրթության փոխհարաբերությունների, դրանց միջազգայնացման մասին է: Հայաստանի համար յուրահատուկ հարցը սփյուռքի և կրթության փոխհարաբերություններն են: Ելույթներով հանդես են գալիս բուհերի ռեկտորներ, որոնք համապատասխան բնագավառի առաջնակարգ մասնագետներ են»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, գիտական քաղաքականության միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարգարովը:
Նա ընդգծեց, որ գործընկերների հնչեցրած բոլոր գաղափարները, կարծիքներն ու խորհուրդները կարևոր են, և խորհրդաժողովը փորձի փոխանակման լավ հարթակ է:
Խորհրդաժողովին ԵՊՀ-ն պայմանագրեր ստորագրեց Բրազիլիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Վրաստանի գործընկերների հետ, որոնց շրջանակում համագործակցելու են հայագիտության զարգացման, միգրացիոն բնագավառում կոնֆլիկտների ուսումնասիրության, արևելագիտության և այլ ոլորտներում:
Սան Պաուլոյի համալսարանի ռեկտոր Վահան Հակոբյանի համոզմամբ` յուրաքանչյուր համալսարանի քաղաքականության կարևոր մաս է միջազգային համագործակցությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնական խնդիրներին` նա ասաց, որ հասարակությունը պետք է հասկանա, որ կրթությունը ներդրում է, և չկա որևէ զարգացած երկիր, որը լուրջ ներդրումներ չի կատարում թե՛ տարրական, թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում: «Ուրախ եմ, որ հայերը նույնպես մեծ ուշադրության են դարձնում կրթությանը և կարողացել են հիմնադրել Երևանի պետական համալսարանը, որը կարող է մեծ աջակցություն ցույց տալ Հայաստանին»,- շեշտեց ռեկտորը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարգո Զազյանը, որը նաև զբաղվում է խորհրդաժողովի կազմակերպչական հարցերով, խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է սովորել 100-ամյա համալսարանում: «Այն գիտելիքը, որը ստացել եմ այստեղ, այն փորձը, որը ձեռք եմ բերել ԵՊՀ-ում, անգին են: Իսկ այս խորհրդաժողովը կարող է նպաստել Մայր բուհի միջազգային ճանաչմանը»,-ասաց ուսանողուհին: