Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել են, որ ֆիզիկական մարզումների ժամանակ հոգնում են մարդու ոչ միայն մկանները, այլև գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշումների կայացման համար: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը մշտապես իրեն վերահսկում է, որ չգերհոգնի և վնասվածք չստանա, կարծում են հետազոտողները: Այս մասին հայտնում է Current Biology-ն:
Մարզիկների ֆիզիկական հոգնածությունը կարող է առաջանալ ոչ միայն զուտ ֆիզիկական ուժասպառությունից, զգալի ավանդ ունի նաև մտավոր ծանրաբեռնվածությունը: Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքն առանձնահատուկ կերպով արտահայտվում է այն ժամանակ, երբ մարմնամարզիկն իրեն չափից ավելի հոգնեցնում է:
Նոր աշխատանքի հեղինակները հետազոտել են 37 մարդու, որոնք եռամարտով են զբաղվում՝ մարզաձև, որը ներառում է վազքը, լողը և հեծանվավազքը: Փորձարկվողների կեսը 3 շաբաթ մարզվել է չափավոր ուժեղացված ծրագրով, որոնց ընթացքում գիտնականները նրանց ստանդարտ ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով մեծացրել են: Երկրորդ կեսը մարզվել է սովորական ռեժիմով:
Այն մասին, թե փորձի մասնակիցներն իրենց ինչպես են զգում, գիտնականները տեղեկացել են հատուկ հարցաշարերով, նրանց վարքագծի վերլուծությամբ, ինչպես նաև ՄՌՏ-ով: Վերջին մեթոդը գիտնականներին թույլ է տվել պարզել, թե մարզումների ժամանակ նրանց ուղեղի որ հատվածներն են գործարկվել:
Պարզվել է, որ առաջին խմբի փորձարկվողները այդ 3 շաբաթվա ընթացքում իրենց հոգնած են զգացել. այս մասին էին վկայում բոլոր ցուցանիշները: ՄՌՏ ցուցանիշներով պարզվել է, որ ակտիվացել է մարզիկների գլխուղեղի այն հատվածը, որը սովորաբար պատասխանատու է վերահսկման և որոշումների կայացման համար:
Գիտնականները սրա հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարզումների ժամանակ՝ հատկապես ուժեղացված, հոգնում են ոչ միայն մկանները, որոնք կատարում են անմիջական աշխատանքը: Այս ընթացքում հոգնում է նաև ուղեղը, որը վերահսկում է մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսները: Այն հետևում է, որ մկաններն ավելի շատ չհոգնեն, քան անհրաժեշտ է, որպեսզի որևիցե վնասվածք չառաջանա: