Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում:
Նա կրկին պնդել է այն թեզը, որ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, որի պատճառն Արցախն է: Նա այս շեշտադրմամբ Արցախին և Արցախահայությունը դուրս է թողնում լուսանցքից:
Այնուհետև այն շեշտադրումներով, որ արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև ԱԳՆ-ները, ուղիղ կապի մեջ են, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել, և որ այսպես երկար շարունակվել չի կարող, ուղիղ հասկացվում էր նրա մասին, որ պատերազմն անխուսափելի է:
Իսկ պատերազմի հնարավոր սկսման դեպքում նա կրկին մեղադրում է Հայաստանին, ասելով, որ Հայաստանը չի գնում կառուցողական ճանապահով:
Էլմար Մամեդյարովը ակնարկեց նաև Մինսկի խմբի անարդյունավետ լինելու մասին, այսպիսով փորձելով ճանապարհ բացել այլ, իրենց ավելի ձեռնտու երկրների ներգրավմամբ, մասնավորապես՝ Թուրքիա, նոր միջնորդ խմբի ձևավորման համար:
Ըստ էության, Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից հայտարարեց, որ կամ Արցախը պետք է տանք իրենց, կամ էլ պատերազմով են վերցնելու»: