Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կամ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել:
Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,- ասաց Բաբայանը:
Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը, կարճ ժամանակում մտադրություն ունեն կամ հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի: