Անհայտ էջերի` Հովիկ Չարխչյանի ընտրանին. ardi.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անհայտ էջերի` Հովիկ Չարխչյանի ընտրանին. ardi.am

«Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը», «Տոլստոյի դուստրը՝ հայկական գեհենում», «Ո՞վ էր Բակունցի «ալպիական» սերը», «Թե ինչպես Տերյանը փրկեց Էջմիածնի գանձերը»: Ավելի քան հինգ տասնյակ նմանօրինակ հետաքրքրաշարժ վերնագրերի ես հանդիպում՝ թերթելով գրող, գրականագետ, հրապարակախոս ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ «Անժամանակ» ժողովածուն: Մեզ հետ զրույցում հեղինակը նշեց, որ գրքում տեղ գտած պատմությունները գրվել են տարբեր տարիների, տարբեր նպատակներով: Դրանք հավաքվել, ի մի են բերվել այս ժողովածուի մեջ, մատուցվում են այս ձևով:

Ինչո՞ւ «Անժամանակ»:

«Դարակ» հրատարակչության մատենաշարը «Ժամանակ» էր կոչվում, որոշեցինք, որ մատենաշարի առաջին գիրքը լինի «Անժամանակ»` բոլոր ժամանակների համար, բոլոր ժամանակներից դուրս: Անժամանակն ավելի տարածական իմաստ ունի, քան ժամանակի ժխտումը, այսինքն՝ ժամանակի մեջ, բայց ժամանակից դուրս որևէ սահմանափակում չհանդուրժող ժամանակն է»,- պարզաբանեց Չարխչյանը:- Կան երևույթներ, արժեքներ, գեղագիտական սկզբունքներ, աշխարհընկալումներ, որ քննություն կարող են բռնել ցանկացած իրավիճակում, որ բոլոր ժամանակների, մարդկային բոլոր տեսակների համար են, ու սրա վրա է աշխարհը հենվում, սրա վրա է խարխսվում այն ամենալավը, որ կա աշխարհում»:

Գրքում մեկտեղված պատմությունները՝ մարդկանց, պատմական իրադարձությունների մասին, առաջին հայացքից գուցե և էական չթվան, բայց հեղինակը վստահեցնում է՝ այսպիսի փոքր դրվագներն են, որ եղանակ, տրամադրություն են ստեղծում մեծ իրադարձությունների, մեծ փոփոխությունների համար: «Եթե չլինեին այն մարդիկ, որոնց անունները գրված են այս գրքում, մեր պատմությունը բոլորովին ուրիշ ընթացք կունենար, մեր մշակույթը բոլորովին այլ որակների մեջ կլիներ: Սրանք պատմություններ են  մարդկանց մասին, որոնք հասարակական-քաղաքական կյանքում կարևոր դեր են ունցել, ինչ-որ հանգամանքերի վրա որոշակի հետք են թողել: Օրինակ՝ այստեղ կա պատմություն այն մասին, թե ինչպես 80-ականների սկզբին ատոմակայանը կարող էր պայթել, բայց եղան մարդիկ, որ փրկեցին թե՛ ատոմակայանը, թե՛ երկիրը»: Հովիկ Չարխչյանը նկատում է, որ հետո այդ մարդկանց մոռացան: Առաջին անգամ ներկայացվում են այդ պատմության հանգամանքները, հնչեցվում այդ մարդկանց անունները:

 «Իսկ եթե գրքում տեղ գտած վարկածները կասկածի տեղի՞ք տան կամ առաջ քաշվեն ա՞յլ տարբերակներ» հարցին ի պատասխան ասում է, որ կան աղբյուրներ, ականատեսներ, այստեղ ոչ մի փաստ հիմնված չէ մեկ հոգու վկայության վրա, եթե պատմությունը հինգ վարկած ունի, ընթերցողը կարող է ծանոթանալ հինգին էլ, նաև իմանալ իրական պատմությունը՝ արդեն փաստարկված:

Հարցնում եմ`ինչպե՞ս է հաջողվում որսալ այն, ինչը շատերի կողքով աննկատ անցնում է: Զրուցակիս կարծում է, որ իրենք էլ կարող են գտնել այդ նույն փաստերը, տեղեկությունները, վավերագրերը. պարզապես չեն փնտրում: Ինքը փնտրում է: Այդքան բան:

Գիրքը հանրամատչելի է, նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, նաև՝ մասնագետների: Չարխչյանը հուշում է՝ մասնագետներն այստեղ հետաքրքիր սկզբնաղբյուրներ կարող են գտնել իրենց հետագա ուսումնասիրությունների համար: «Անժամանակում» կան և՛ անտիպ, և՛ մամուլում հրապարակված նյութեր, կան նաև նյութեր, որ վերջին պահին են գրքում ներառվել:

Արմինե Սարգսյան

Ardi.am