Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Դավիթ Ներսեսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Դավիթ Ներսեսյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի և Արթուր Ադամյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Գալստանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: