ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները:
Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Կազմվել է քննչական պլան:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: