Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում մի տղամարդու: Ներկայացնում ենք ոստիկանության պարզաբանումը.
«Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզաբանենք, որ հիշյալ անձը նախքան բերման ենթարկվելը, անտեսելով իր գործողությունները խանութում գտնվող անձանց համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական վարքագիծը, սակայն տղամարդը չի ենթարկվել ոստիկանի պահանջին, շարունակել է իր հակահասարակական գործողությունները և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն, ապա՝ ձերբակալվել։
Տեղեկացնենք, որ ձերբակալված տղամարդն առաջին անգամը չէ, որ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս տարվա ամռանը նրա մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել։ Վթարի վայր էին ժամանել շտապօգնության խումբ և ճանապարհային ոստիկաններ։ Տղամարդը քաշքշել էր շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակացիներին, հասարակական վայրում նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել էր նաև բուժհաստատությունում։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան դարձյալ բերման էին ենթարկել բաժին, որտեղ տղամարդը կրկին դրսևորել էր ոչ իրավաչափ վարքագիծ։ Հիշյալ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, բերման ենթարկվածն էլ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոցը՝ ստորագրություն»։