ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Կրթություն բոլորի համար» (Teach for all) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում ‹‹Women in leadership›› խորագրով քննարկմանը։
Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը հանդիպել է համաժողովի շրջանակում Հայաստան այցելած բազմաթիվ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց։ Քննարկումը, որ վարել է Հայաստանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի (AIWA) գործադիր տնօրեն Ռեյչլ Նաջարյանը, մեկնարկել է Կարին Հովհաննիսյանի ‹‹Մենակ չեմ/I am not alone›› ֆիլմից Աննա Հակոբյանի մասին հատվածով։
Խոսելով 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ կանանց դերակատարության մասին՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ վերջին 20 տարվա ընթացքում հասարակության յուրաքանչյուր անհատ զգացել է անարդարության, կոռուպցիայի, խոսքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքները, և եկավ մի պահ, երբ մարդիկ այլևս չէին կարող հանդուրժել այդ ամենը։
«Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք հավատացին, որ այս անգամ հեղափոխությունը կհաջողի։ Սակայն, եթե մեծ թվով կանայք ներգրավված չլինեին, հիշում եմ, որ Հանրապետության հրապարակը լիքն էր կանանցով, հեղափոխությունը հաջողության չէր հասնի։ Որովհետև կանայք գալիս էին իրենց փոքրիկ երեխաների հետ և նրանք խաղաղության երաշխավորն էին։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք շատ սև էջ՝ 2008 թվականի մարտի 1-ը, և բազմաթիվ մարդիկ վախենում էին, որ մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները կկրկնվեն։ Բայց կանանց և երեխաների ներկայությունը Հանրապետության հրապարակում, երկրի բոլոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ տեղի էին ունենում բողոքի ցույցեր, խաղաղության երաշխիքն էին և նաև երաշխիքը, որ հեղափոխությունն իրականություն կդառնա»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը մեկնարկն էր, և կանանց դերակատարությունը այժմ շատ է փոխվել։ Դրանում շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ վարչապետը, ով ոչ միայն կարևորում է կանանց դերակատարությունը հեղափոխական գործընթացներում, այլև խրախուսում նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական, սոցիալական և քաղաքական բոլոր գործընթացներում։
«Սա շարունակական գործընթաց է։ Ես հույս ունեմ, որ հայ կանայք ամեն օր կդառնան ավելի ակտիվ, կմասնակցեն փոփոխություններին և կնպաստեն երկրի զարգացմանը»։
Վարչապետի տիկինը խոսել է նաև իր նոր դերի, երկու հիմնադրամների գործունեության մասին՝ անկեղծանալով, որ նոր կարգավիճակում ունի բազմաթիվ մարտահրավերներ։ Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։ Հաճախ եմ տարբեր քաղաքներ և գյուղեր այցելում և ականատեսն եմ լինում մարդկանց շատ ջերմ վերաբերմունքին։ Բայց քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան, որովհետև մինչ օրս Հայաստանում դեռ կա այն մտածելակերպը, որ «շատ վատ է, որ քո կինը ակտիվ է» կամ «միգուցե դու այդքան էլ լավ ամուսին չես, որ քո կինը ակտիվ է» կամ «քո կինը պետք է մնա տանը, երեխաների կողքին» և այլն։ Եվ նրանք օգտագործում են այս կարծրատիպերը, որպեսզի վնասեն ամուսնուս։ Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը, քանի որ ես հավատում եմ կանանց, ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ այն դերին, որ ես այսօր ունեմ։ Ես չեմ ցանկանում նահանջել, որովհետև դա ճիշտ չէ։ Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը՝ բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Եվ, եթե ես նրա կեսն եմ, ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին։ Այո՛, դա բարդ է, բայց մեր կյանքում մենք ունենում ենք բարդ ժամանակաշրջաններ, և ես համոզված եմ, որ սա էլ ընդամենը դրանցից մեկն է»։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ չի հավատում, որ կանանց ակտիվությունը կարող է սահմանափակվել ավանդական մտածելակերպի սահմաններում։ «Դա ամենօրյա պայքար է»,- ասել է տիկին Հակոբյանը՝ հիշելով, որ ժամանակին իր համար էլ էր դժվար սկսել աշխատանքը «Հայկական ժամանակ» օրաթերթում, սակայն ժամանակի ընթացքում ամուսինն իրեն աջակցել և խրախուսել է աշխատանքի, ամենատարբեր գաղափարների իրականացման հարցերում։
‹‹Շատ կանայք սկզբնական փուլում հոգնում են, հիասթափվում և նահանջում իրենց նպատակներից։ Իմ խոսքն է նրանց՝ երբեք մի՛ նահանջեք, երբեք մի՛ համաձայնվեք մնալ տանն ու ոչինչ չանել։ Աշխատե՛ք և եղե՛ք օգտակար ձեր հասարակությանը››։
Կոլումբիացի մասնակցի հարցին, թե ինչպես օգնել կանանց խոսել ազատ և չվախենալ խոսքի իրավունքից, ՀՀ վարչապետի տիկինն ասել է, որ հարցը բարդ է և միանշանակ լուծում չկա։ Աննա Հակոբյանը խոսել է իր անձնական օրինակից՝ պատմելով ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության մասին։ ‹‹Դա ռիսկ է, միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը, որովհետև դու չգիտես, թե ինչպիսին կլինի պատասխան ռեակցիան։ Բայց պետք է գնալ ռիսկի, չվախենալ ռեակցիայից, անգամ եթե այդ ռեակցիան կլինի ոչ այնքան հաճելի։ Ես հենց այդպիսի իրավիճակում եմ եղել, երբ սկսեցի այս նախաձեռնությունը, քանի որ դա նոր մտածելակերպ էր ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում, գուցե նաև ամբողջ աշխարհում, որովհետև տասնյակ երկրներ գտնվում են հակամարտության մեջ, բայց չեմ հիշում դեպք, երբ այդ երկրների ղեկավարների կանայք խոսեին խաղաղության մասին և կոչ անեին կանգնեցնել պատերազմը։ Այո՛, յուրաքանչյուր նախաձեռնություն դա ռիսկ է, սակայն յուրաքանչյուր կին պետք է գնա այդ ռիսկին, չվախենա խոսելուց և գործելուց։ Հավատացեք նրան ինչ անում եք, ես հավատում եմ նրան ինչ անում եմ։ Ես հավատում եմ ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավին››,- եզրափակել է ելույթը Աննա Հակոբյանը։