ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 262 ուսումնասիրություն, որոնցով խախտում է հայտնաբերվել 144 դեպքերում։
Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ռազմաբժշկական և այլ ծառայությունների ոլորտներում:
Դրանց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես 28 դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք հիմնականում առնչվում են ՀՀ ՊՆ կարիքների համար տարբեր նյութական միջոցների, ծառայությունների գնման, ընդունման, պահպանման և օգտագործման, զինծառայողների սոցիալական պաշտպանության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացներում թույլ տրված չարաշահումներին։ Նշված քրեական գործերը հարուցվել են առերևույթ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների սահամնների անցում, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ:
Շոշափելի արդյունքներ են գրանցվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9․9մլրդ ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասի չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները գերազանցում է շուրջ 27.5 անգամ:
Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 398 մլն ՀՀ դրամ վնաս, որը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. առաջին ինը ամիսների ցուցանիշները։
Ընդ որում՝ այս տարվա ընթացքում վնասի հիմնական մասի վերականգնումն ապահովվել է հենց դատախազական գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ պետական շահերին հասցրած վնասը կամովին հատուցելու մասին տրված 100 նախազգուշացմների արդյունքում։
2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 5 հայցադիմում՝ ընդհանուր 10.1 մլն ՀՀ դրամ հայցագնի չափով, և տրվել է պետությանը պատճառված 9․7մլն ՀՀ դրամ վնասի բռնագանձման պահանջով ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու առաջարկություն։
Հարկ է նշել, որ պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվում են նաև այլ ուսումնասիրություններ, ձեռնարկվում անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։