Դեռ ոչ մի անգամ չէի եղել պարֆյումերի լաբորատորիայում։ Գնացել էի ինչ-որ առեղծվածային բանի ակնկալիքով…
Շարքերով դրված են եթերայուղերով և աբսոլյուտներով լի տարաները։ Նույն սենյակում բլթբլթում է թորիչ սարքը` թորելով իշառվույտի յուղը։ Այդ ամբողջ գործընթացի «դիրիժորը» բարեկիրթ արտաքինով ու ճարտար լեզվով երիտասարդ է, որը ժամերով կարող է պատմել խոտերի ու բույրերի մասին։
Առաջին հայացքից թվում է, որ Ծովակ Ոսկանյանն անպայման պետք է կենսաբան կամ քիմիկոս լինի։ Բայց այդպես չէ։ Պարզվում է, որ նա տնտեսագետ է և հիմա սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում։
Բացի դրանից, Ծովակը տարված է աստղերով։ Նրա լաբորատորիայում ամեն ինչից զատ հեռադիտակ է դրված։ Երիտասարդը ցույց է տալիս ևս մի հեռադիտակ` բավական մեծ, որը հենց ինքն է նախագծել։ Օպտիկական լինզաներն էլ մեկ այլ կիրք են։ Աստղային երկնքի, ինչպես նաև չորս լեզուների լավ իմացությունը թույլ են տալիս նրան էքսկուրսիաներ անցկացնել Բյուրականի աստղադիտարանում։ Վարպետն ասում է, որ եթերայուղ ստանալու գաղափարը ծնվել է ավագ ընկերոջ հետ աստղերի մասին զրույցից հետո։
Այդ ամենը չի խանգարում նրան լավ ճանաչել Կովկասի խոտերն ու բույսերը և ոչ միայն այդ տարածաշրջանի։ Գրեթե հինգ տարի նա ընկղմվել է պարֆյումերային արվեստի մեջ։
Ոչ թե մասնագիտություն, այլ կոչում
«Մանկուց անտարբեր չեմ հոտերի նկատմամբ։ Ծնունդով Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղից եմ։ Մայրս այդ ժամանակ շատերի նման օգտագործում էր «Մաժի Նուար» և «Մագնոլիա» օծանելիքները։ Շատ էի սիրում դրանց բույրը», – ասում է մեր զրուցակիցը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am