Սպանության փորձ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ 29-ամյա տղայի Lexus-ի ուղղությամբ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպանության փորձ Կոտայքի մարզում. կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ 29-ամյա տղայի Lexus-ի ուղղությամբ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողները, ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբերը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ 29-ամյա Թ. Հայրապետյանի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com