SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 15։30-ի սահմաններում Սուրենավան գյուղի բնակիչ 51-ամյա Անաստաս Ազոյանը մուտք է գործել Վեդիի քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող Արարատի դատախազություն և այնտեղ գտնվող Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանի աշխատասենյակում մի իսկական շոու է սարքել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ազոյանը բնական կարիքները հոգալու հարցի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել է ավագ դատախազի հետ, անհասցե հայհոյանքներ հնչեցրել տեղի դատախազության և նշված վարչական շենքում գործող մի քանի պետական հաստատությունների աշխատակիցների հասցեին, ինչի հետևանքով բնականոն աշխատանքը խաթարվել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր «օրվա հերոսին» բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին, ով, պարզվել է, եղել է ոչ սթափ վիճակում։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: