Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոյեմբերի 7-ին Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից անցկացվեց Կովկասի կաբելային հեռուստատեսության օրեր՝ «CaTVDays 2019» ամենամյա միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի առաջին օրվա ծրագրի շրջանակում փորձագետները խոսեցին շուկայի ներկայիս հնարավորությունների և մարտահրավերների, վերջին միտումների և նոր տեխնոլոգիաների մասին, եղան պանելային քննարկումներ ամենաակտուալ թեմաների շուրջ և հեռուստաալիքների նորույթների ներկայացումներ:
Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանի խոսքով` «CaTVDays 2019» ամենամյա միջազգային կոնֆերանսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցկացվում, մյուս տարի այն կկայանա Վրաստանում:
«Այսօր արդեն 40 կաբելային օպերատորներ հաջող տրամադրում են ամբողջ ծառայությունները: Համոզված եմ, որ բացի բիզնեսից, կաբելային հեռուստատեսությունն ունի ևս մեկ առաքելություն, որպեսզի մարդիկ այդ միջոցով հնարավորություն ունենան բազմակողմանի տեղեկություններ ստանալ»,- ասաց Առուշանյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան միջազգային հեղինակավոր հեռուստաալիքների, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի երկրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ «Первый Канал. Всемирная Сеть» ընկերության հրավերով։