Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի 40-ամյա եղբոր «արկածները»՝ Ագարակ գյուղում. նա «06»-ով փլուզել է քաղաքացու տան պարիսպն ու դիմել փախուստի. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի 40-ամյա եղբոր «արկածները»՝ Ագարակ գյուղում. նա «06»-ով փլուզել է քաղաքացու տան պարիսպն ու դիմել փախուստի. shamshyan.com

Նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, և օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն բաժնում ոստիկանները պարզում են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, սգո արարողության են մասնակցելիս եղել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։ Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ «հերոս» Գ. Ավետիսյանը եղել է ոչ սթափ, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։

Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի եղբայրն է՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com