Ինչով են այդքան վտանգավոր էլեկտրոնային ծխախոտները․ մասնագետի կարծիք
Advertisement 1000 x 90

Ինչով են այդքան վտանգավոր էլեկտրոնային ծխախոտները․ մասնագետի կարծիք

Հեղուկը, որ տաքանում և գոլորշիանում է էլեկտրոնային սարքերում, առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր է պարունակում։ Բացի այդ, մարդիկ հավատալով նրան, որ վեյպերն ավելի «անվտանգ են», քան սովորական ծխախոտները, դրանց օգտագործման հետևանքով նիկոտինային կախվածություն են ձեռք բերում և ժամանակի ընթացքում անցնում են սովորական ծխախոտի օգտագործմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել Մերձմոսկվայի առողջապահության նախարարության հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը։

Նրա խոսքերով, շատ մարդիկ սկսում են վեյպեր օգտագործել՝ համարելով դրանք անվտանգ։ Արդյունքում նրանց մոտ ձևավորվում է նիկոտինային կախվածություն, որը ստիպում է անցնել սովորական ծխախոտի։

Իսկ վեյպերի անվտանգությունն ընդամենը առասպել է, քանի որ հեղուկը , որը տաքանում և գոլորշիանում է այդ սարքերում, պարունակում է թունավոր նյութեր, որոնցից յուրաքանչյուրը վտանգավորության իր աստիճանն ունի։ Ֆենոլներն, օրինակ, գրգռում են աչքերը, մաշկը և լորձաթաղանթները, ֆորմալդեգիդը քաղցկեղ է առաջացնում, իսկ կապարը վնասում է նյարդային և սրտանոթային համակարգերին։

«Թութունի այրման ժամանակ ավելի քան 250 վնասակար նյութեր են արտադրվում, որոնցից 69-ը կանցերոգեններ, որոնք բարձրացնում են սրտանոթային և շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպես նաև նպաստում են քաղցկեղային հիվանդությունների՝ թոքերի, բերանի խոռոչի, կոկորդի և այլ օրգանների քաղցկեղի զարգացմանը, նշել է Խոլդինը։

Մասնագետի խոսքերով, ծխելու բոլոր ձևերը վնասում են առողջությանը, նա կոչ է արել ինքնախաբեությամբ չզբաղվել և առողջ ապրելակերպ վարել։

Հիշեցնենք, որ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների շրջանում գրանցվել է շնչառական տարօրինակ հիվանդությունների 380 դեպք։ Այս գաջեթների հետ են կապում նաև թոքերի ծանր հիվանդությունից 33 մահվան դեպքերը։

news.am