Անհասություն և սեպտիկ շոկ. Ո՞րն է եղել Ստեփանակերտում նորածին աղջկա մահվան պատճառը
Advertisement 1000 x 90

Անհասություն և սեպտիկ շոկ. Ո՞րն է եղել Ստեփանակերտում նորածին աղջկա մահվան պատճառը

Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նոյեմբերի 11-ին մահացած նորածին աղջիկը ծնվել էր խորը անհաս, ինչի հետ կապված առողջական բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց գլխավոր բժիշկ Վարդգես Օսիպովը:

Նրա խոսքով՝ աղջկա մայրը՝ 20-ամյա Մ. Մ.-ն, ծննդատուն է ընդունվել նոյեմբերի 7-ին առավոտյան ժամը 5-ին՝ ուժեղ արյունահոսությամբ և ընկերքի շերտատմամբ: Որոշվել է կատարել շտապ կեսարյան հատում, որի արդյունքում հղիության 31-32-րդ շաբաթում ծնվել է անհաս աղջիկը:

Գլխավոր բժշկի խոսքով՝ աղջկան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, նրան մի քանի օր խնամել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց չի հաջողվել նրան փրկել, իսկ նոյեմբերի 11-ի առավոտյան աղջիկը մահացել է:

Երեխայի մահվան ստույգ պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, որի եզրակացությունն առայժմ պատրաստ չէ: Սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը մահացել է ներարգանդային վարակման հետևանքով սեպտիկ շոկի պատճառով:

Նշենք, որ ծննդկանի վիճակը կայուն է, նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:

med.news.am