«911» ծառայություն նոյեմբերի 12-ին, ժամը 23:17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 6-րդ և 7-րդ պահաբաժինների տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 04:10-ին:
Այրվել են մոտ 6 հա անտառամիջյան չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ, 30 կոճղ և 10 ծառ՝ մասամբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ոստիկանության Դիլիջանի բաժնի 1 աշխատակից: