Հայ մասնագետներն իրականացրել են քացախափոսի կոտրվածքի բարդագույն վիրահատություն վնասվածք ստանալուց 35 օր հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ մասնագետներն իրականացրել են քացախափոսի կոտրվածքի բարդագույն վիրահատություն վնասվածք ստանալուց 35 օր հետո

Քացախափոսի կոտրվածքների ժամանակ վիրահատությունները խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ կատարել. որքան ավելի շատ ժամանակ է անցնում վնասվածքից հետո, այնքան ավելի բարձր է խնդիրների եւ բարդությունների առաջացման ռիսկը։ Բայց քացախափոսի ծանր վնասվածքով, որն առաջացել էր ՃՏՊ-ի պատճառով, հոսպիտալացված կնոջը շտապ վիրահատելն անհնար էր առողջական մի շարք ուղեկից խնդիրների հետ կապված։ Արդյունքում ՝ վնասվածք ստանալուց հետո միայն 35-րդ օրը հայ մասնագետները կատարեցին հազվադեպ եւ շատ բարդ վիրահատություն։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ուր հասցվել էր պացիենտը, վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը, վնասվածքը բարդ էր. քացախափոսի հետին պատը գրեթե լիովին կոտրված էր, եւ կոնքազդրային հոդի գլխիկը տեղից խախտվել էր։

Քացախափոսը փոս է կոնքի ոսկրի մակերեսին, որտեղ մտնում է ազդրի գլխիկը՝ ձեւավորելով կոնքազդրային հոդը՝ մարդկային մարմնի ամենամեծ եւ կարեւորագույն հոդերից մեկը. դրա վրա է ընկնում մեծ բեռնվածություն շարժվելիս, եւ դրա վնասվածքները կարող են  հանգեցնել ծանր հետեւանքների, այդ թվում եւ հաշմանդամության։

Պացիենտի մոտ կային լուրջ հորմոնալ խախտումներ, որոնց դեպքում նրան անմիջապես վիրահատելն անհնար էր։ Բացի այդ, կինը մոտ 170 կիլոգրամ էր, ինչը նույնպես բարդացնում էր վիճակը։ Բայց վիրահատությունն անհրաժեշտ էր, առանց դրա, անհրաժեշտության դեպքում, անգամ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում անհնար կլիներ կատարել։

Պացիենտին վիրահատության պատրաստելու համար մի քանի շաբաթ նրա հետ աշխատել է էնդոկրինոլոգը, որը պետք է լուծեր հորմոնալ խնդիրները, որոնք վիրահատությունն անհնար էին դարձնում։ Երբ պացիենտի հորմոնների ցուցանիշները մոտեցան նորմին, նրան, վերջապես, վիրահատեցին։ Վնասվածք ստանալուց հետո անցել էր արդեն 35 օր։

Ինչպես պատմեց Կարեն Մանուկյանը,  քացախափոսի կոտրվածքների ժամանակ վիրահատություն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց հետո 2 շաբաթում, քանի որ ժամանակի ընթացքում հոդում արդեն սկսվում են ֆիբրոզա-սկլերոտիկ փոփոխություններ, եւ եթե անգամ ամեն բան նորմալ անցնի, կա այդ հյուսվածքների նեկրոզի առաջացման ռիսկ։

«Մենք քացախափոսի կոտրվածքի շատ վիրահատություններ ենք կատարել, բայց բոլորը՝ վնասվածք ստանալուց հետո առաջին 10 օրվա ընթացքում։ Անգամ համաշխարհային պրակտիկայում վնասվածք ստանալուց 35 օր հետո վիրահատությունը խիստ հազվադեպ բան է»,- ասել է մասնագետը։

Վիրահատությունը հաջող է անցել։ Հիմա, ինչպես նշեց բժիշկ Մանուկյանը, պացիենտի ինքնազգացողությոնը լավ է։ Վերջին շաբաթների ընթացքում նա անգամ նիհարել է մոտ 25 կիլոգրամով՝ շնորհիվ էնդոկրինոլոգի բուժման եւ սնվելու ճիշտ ռեժիմի։ Ռենտգենը ցույց է տվել, որ հոդի գլխիկը տեղում է։ Իսկ բուժման հետագա տակտիկայի հարցում մասնագետները կկողմնորոշվեն վիրահատությունից պացիենտի վերականգնվելուց հետո։

med.news.am