SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, ովքեր իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու և նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղևորվելու նպատակով:
Արդեն օդանավակայանում Mercede ի վարորդ Արա Ա.-ին է մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղևորվել են նրանց մատնանշած վայրը: Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան, Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով և մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել են: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մալաթիայի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանը օպերատիվ տեղեկություն է ստանում, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբեվել է այն:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն փոխանցվելու է տարածքային ենթակայության կարգով ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: