Մշակույթի ավանդական ու նոր դերը
Մշակույթը, ընդհանուր առմամբ, դարեր շարունակ եղել է մեր ազգը պահող ու պահպանող կենսական ուժը։ Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը, մեզ բնորոշող և ուրիշ ազգերից մեզ տարբերակող ամենակարևոր գործոնը, մեր ազգային վարկանիշը։ Դարեր շարունակ մշակույթը եղել է մեր «բանակը», մեր «պաշտպանության նախարարությունը», մեր ազգային անվտանգության երաշխավորը։
Սակայն պատմությունը և ճակատագիրը հայ ժողովրդին զրկել են պետականությա՛ն մշակույթից, որի հետևանքով հնարավորություն չենք ունեցել մշակույթը «քաղաքացիացնելու», այսինքն՝ դաստիարակության և մշակույթի միջոցով Հայաստանի քաղաքացի կերտելու։ Սփյուռքը, պարտադրաբար, հայկական կրթական ծրագրերով և մշակույթով կերտել է Հայ Մարդ, բայց ո՛չ հայ քաղաքացի։ Հայաստանում, խորհրդային տարիներին, տեղական ղեկավարության առջև դրված պահանջը եղել է կերտել սովետական քաղաքացի, բայց ո՛չ՝ հայ քաղաքացի։ Առաջին հանրապետության կարճատև տարիներին և երրորդ հանրապետության ավելի երկար, բայց անարդյունավետ տարիներին, կրթական համակարգը, առաջինի պարագայում՝ ժամանակ, իսկ երկրորդի պարագայում փորձառություն և նպատակ չի ունեցել ընդառաջ գնալու «հայ քաղաքացի» դաստիարակելու հրամայականին։
Մեր հազարամյա պատմության ընթացքում հավանաբար առաջին անգամը լինելով, այսօր ունենք թե՛ առիթ և թե՛ հրամայական պատրաստելու քաղաքացի, քաղաքական առաջնորդ, ինչպես նաև հզորացնելու պետությունը՝ այս գործին ծառայեցնելով կրթական և մշակութային համակարգը։
Ներկա իրավիճակը
Այսօր՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում մշակույթը սերնդեսերունդ փոխանցելու և պաշտպանելու խողովակները[2], տարբեր պատճառներով, մեծամասամբ, խափանված են։
Ժողովրդի ներկա մշակութային միջին մակարդակն այնքան է նվազել, որ կարծես թե խզվել է կապը մեր հարուստ և բարձրորակ ազգային մշակութային ժառանգության հետ։ Փողոցներում սարսափելի է լսել երիտասարդության խոսակցական հայերենը։ Ընտանեկան առտնին մշակութային մակարդակը ենթարկվել է հեռուստացույցի վատագույն սերիալների մակերեսային և անորակ գեղարվեստական ազդեցությանը։ Ցանկացած առիթով կազմակերպված խնջույքների ժամանակ ժողովրդի նախասիրությունը հիմնականում աղմկոտ, ականջ ու միտք խլացնող, անորակ երաժշտությունն է՝ նույնքան անճաշակ պարերի ուղեկցությամբ։
Այս երևույթի նկատմամբ երկրի մտավորական խավը շատ դեպքերում մնում է անտարբեր։ Իրենց հերթին, պետական այն մարմինները, որոնց վստահված է մշակույթը պահպանելու և զարգացնելու առաքելությունը, նույնպես անարձագանք են թողել խնդիրը։ Տպավորություն կա, որ մշակութային պատշաճ մակարդակը պահպանելու հարցով շահագրգիռ կողմեր, ընդհանրապես, գոյություն չունեն։ Բացառություն են կազմել հատուկենտ հանրային ելույթները՝ առանց գործնական լուծումների։
Խոսքն ինչի մասին ՉԷ՛
Արժե անմիջապես հստակեցնել, որ խոսքը օտարամերժ դիրքորոշումներ որդեգրելու մասին չէ։ Ո՛չ էլ արևմտականացման կամ աշխարհայնացման դեմ պայքարելու։ Ո՛չ էլ պահպանողական դիրքերից համառորեն անցյալին կառչելու ու մոլեռանդ ազգայնականության մասին է։
Եվ մանավանդ, խոսքը մշակութապես լճանալու և կղզիանալու մասին չէ։
Խոսքն ինչի մասին է
Խոսքը մեր հարուստ, կենդանի և դեռ աճող ու զարգացող մշակութային ժառանգությունը մեր առօրյա կյանքի մեջ ընդգրկելու մասին է։ Խոսքը մակարդակի և որակի մասին է։ Մշակույթի հանդեպ տիրող կրավորական և անտարբեր կեցվածքից սթափելու մասին է։ Հարուստ, աշխույժ և ստեղծագործ մշակութային և մտավոր կյանքի մասին է։ Այլազանության, հոգեկան ու իմացական բարձրորակ ստեղծագործության մասին է։
Եվ մանավանդ, խոսքը մեր պատմության և մշակույթի մեջ ամուր կերպով խարսխված ազգային և քաղաքացիական գիտակցություն ստեղծելու մասին է։
Ու՞ր կարող էինք (և դեռ կարող ենք) լինել․․․
Գնահատելու համար, թե որքան ողբալի է հայ ժողովրդի մշակութային միջին մակարդակը այսօր, մի պահ փորձենք պատկերացնել, թե ուր կարող էինք (և դեռ կարող ենք) լինել։ Պատկերացրեք հետևյալ դիպաշարը։
1. Անցյալ քսանութ տարիների ընթացքում դպրոցներում և համալսարաններում հեռատես, բովանդակալից և նպատակային կրթական ծրագրեր կարող էինք որդեգրել և իրականացնել՝ դասավանդելով հայկական և միջազգային ասպարեզում մշակութային բարձրագույն (դասական և արդի) նվաճումները։
2. Կարող էինք անկախությանը հաջորդած 10-15 տարիների ընթացքում նոր բովանդակությամբ և նպատակներով առաջ ընթացող կրթական ծրագրերին համապատասխան՝ կազմակերպել նաև ՀՀ դպրոցների ուսուցչական կազմերի համընդհանուր վերապատրասում։
3. Հայաստանի բնակչության 40-50 տարեկանից ցածր ամեն մարդ այսօր կարող էր տիրապետել առնվազն երեք լեզուների (հայերեն՝ արևելահայերեն ե՛ւ արևմտահայերեն, ռուսերեն և անգլերեն)։ Բացի այդ, չորրորդ և հինգերորդ լեզուն (որևէ արևմտյան, արևելյան կամ ասիական) տիրապետող շրջանակ կարող էր գոյություն ունենալ։
4. Բացի լեզուներից, ժողովրդի այդ խավի կարևոր մեկ տոկոսը կարող էր նաև մոտիկից ծանոթ լինել նվազագույնը 2-3 տարբեր մշակույթների և համապատասխանաբար դրանց գրական ժառանգությանը։
5. Հայոց պատմությունը, իր ամբողջական և համապարփակ ծավալով, կարող էր դասավանդվել ոչ միայն փոխանցելու պատմական գիտելիքներ, այլև՝ իբրև անցյալից քաղված դաս և փորձառություն՝ մասնավորապես նպատակ ունենալով պատրաստել ապագայի քաղաքական ղեկավար և քաղաքացի։
6. Ժողովրդի այս խավը արդեն իսկ այս դաստիարակությունը կարող էր փոխանցել իր ընտանիքին՝ բարձրացնելով հայաստանյան ընտանեկան մշակութային մակարդակը։
7. Հեռուստացույցի ալիքները, այս նույն տրամաբանությամբ, կարող էին բարեփոխել իրենց հայտագրերը, որպեսզի գրավիչ լինեին նոր սերնդի համար նույնպես։
8. Այսպիսով, կրթական ծրագրերի և ընտանեկան մթնոլորտի մեջ ստեղծված կլիներ իրար փոխլրացնող, դրական և կառուցողական մի շղթա։
9. Մշակութային այս զարթոնքը իր արտացոլումը կստանար նաև ժողովրդական ամենատարբեր միջոցառումների ժամանակ։
10. Մեր հարուստ մշակութային ժառանգությունն արդեն իսկ սկսած կլիներ մաս կազմել միջին քաղաքացու առօրյային։
11. Մշակույթը և կրթությունը արդեն իսկ ստեղծած կլինեին գիտակից քաղաքացիների մի սերունդ՝ օժտված մեր պատմությունն ու մշակույթը հիմնավոր ձևով գնահատելու կարողությամբ, ինչպես նաև ազգային արժանապատվությամբ։
12. Այս դաստիարակության շնորհիվ հասարակությունը, հավատարիմ մնալով իր ավանդական արժեքներին, դյուրությամբ կընդուներ արևմտյան հիմնական արժեքները, կապված մարդու իրավունքների, խղճի և խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, ազատամտության, հանդուրժողականության, և ժողովրդավարական սկզբունքների հետ։
Այսօր կարող էինք այս տեսլականին հասած լինել, եթե կրթական համակարգը բովանդակությամբ, ուսուցչական անձնակազնով և դասավանդելու մեթոդաբանությամբ անկախությունից անմիջապես հետո հիմնական բարեփոխումների ենթարկված լիներ։ Քսանութ թանկ տարիներ կորցրել ենք։ Այլևս ժամանակ չունենք կորցնելու։
Հայաստանից այն կողմ՝ համայն հայություն…
Քանի որ տեսլական նկարագրելու ազատությունը և շռայլությունը մենք մեզ կարող ենք թույլ տալ, պատկերացնենք նաև շատ ավելի խորքային ու հավակնոտ փոփոխություններ պահանջող նոր իրավիճակ։ Պատկերացնենք, որ ՀՀ Կրթության նախարարությունը, անկախությունից հետո, իր կրթական ծրագրի հայկական մասը պատրաստելու համար ներգրավում է նաև սփյուռքի բոլոր հիմնական կրթական և մշակութային կազմակերպություններին, և այսօր, աշխարհի բոլոր հայկական դպրոցները, սերտորեն համագործակցելով ՀՀ կրթության և մշակույթի գերատեսչությունների հետ, որդեգրում են հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի հետ առնչվող նույն կրթական ծրագիրը այնպես, ինչպես Հայաստանում է։ Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, չնայած որոշակի տարբերությունների և աններդաշնակ ու ցիրուցան վիճակին, ՀՀ կրթական ծրագրի հայկական մասը համարելով այնքան հարուստ, համապարփակ, ներառող, առարկայական, անաչառ և ներկայացուցչական մեր բազմակողմանի և հազարաշերտ պատմության տեսանկյունից, ընդունում է այն։ Եվ չնայած համայնքների հետ կապված յուրահատկություններին և տարբեր շեշտադրումներին, համայն Սփյուռքի կրթական և մշակութային կազմակերպությունների ցանցը ընդունում և որդեգրում է ՀՀ կրթական ծրագրի հայկական հատվածի հիմնական մասը։
Այժմ պատկերացնենք այս հայեցակարգից բխող հետևյալ իրավիճակը։ Այս պարագայում, աշխարհի որևէ հայկական դպրոցի շրջանավարտ հայ երիտասարդները, լինելով ռուսահայ, ֆրանսահայ, ամերիկահայ կամ հայաստանցի, երբ որևէ տեղ հանդիպեն, իրար կհասկանան ավելի լավ, կունենան նմանօրինակ ազգային արժեքների և տեսլականի ընկալում՝ ավելի միավորող, քան՝ իրարից տարբեր։ Այդ երիտասարդները որոշակիորեն հաղթահարած կլինեն նաև լեզվական խոչընդոտները, որոնք այսօր հայության տարբեր հատվածների մեջ շարունակում են մնալ որպես լրջագույն խնդիր։
Միայն այսպիսի իրավիճակի հասնելուց հետո է, որ հիմք կունենանք խոսելու «ազգային» արժեքների մասին։ Այսօր, քաղաքական, մշակութային կամ կրթական ո՛չ մի խմբակցություն իրավունք չունի ինքն իրեն հռչակելու ազգային արժեքների խոսնակի, ներկայացուցչի կամ դարպասապահի, որովհետև համայն հայության կողմից ընդունված և ամրագրված արժեքահամակարգ գոյություն չունի։ Ո՞ր հայ համայնքի արժեքներն են մեր ազգային արժեքները՝ Ռուսաստանի կամ կիսառուսացած հայությա՞ն, թե՞՝ Բոսթոնի ավելի քան կիսաամերիկացած հայության, կամ Լիբանանի ծայրահեղ ազգայնական հայրենասիրական միությունների՞, կամ Գլենդելի համեմատաբար նորակազմ հայաստանյան համայնքի, կամ խորհրդային տարիների մտածելակերպը պահած սերնդի՞… Ինչպե՞ս կարող ենք անվանել ցանկացած արժեք «ազգային», երբ ամեն հայ համայնք ունի միանգամայն տարբեր արժեքային համակարգ և կարծրատիպեր։
Այնուամենայնիվ, եթե կարողանանք պատկերացնել համաշխարհային մի հայ սերունդ, որ ծնվել և մեծացել է տարբեր երկրներում և միջավայրներում, բայց ստացել է նմանօրինակ ազգային դաստիարակություն և հայեցի ուսում, թերևս այն ժամանակ կարելի կլինի խոսել հասարակաց ազգային արժեքների մասին։
Ցարդ, այս որակի համաշխարհային հայկական կրթական համադրություն ֆիզիկապես անկարելի էր, որովհետև չկար ոչ մի կենտրոնական «մագնիս», որը կարող էր միավորել և համադրել մեզ։ Այսօր, կա Հայ Պետություն, որը կարող է այդ ձգողական ուժը դառնալ։ Այո, այո՛, պիտի ընդունենք, որ այսօրվա իրողությունը մեկնակետ ընդունելով, այսպիսի տեսլական իրականացնելը պահանջում է ազգային միասնականության և կամքի աննախադեպ ցուցաբերում։
Բայց մի պահ թույլ տանք մենք մեզ երևակայել։ Հանդգնենք պատկերացնել, որ ՀՀ պետականության ղեկավարներն իսկապես ունեն հեռատեսություն և խոհեմություն հասկանալու, որ իրենց առաջին և գերագույն առաքելությունը երկիրը և հայ ժողովուրդը միավորելն է։ Այդտե՛ղ է, որ պետք է փնտրել որևէ քաղաքական առաջնորդի իսկական վարկանիշը։ Ցանկացած քաղաքական ուժ կարող է պառակտումներ ստեղծել հասարակության մեջ։ Բայց իսկական քաղաքական առաջնորդի առաքելությունն է միավորելը, ներգրավելը, հաշտեցնելը, ամոքելը և ո՛չ թե զրպարտելը, բաժանելը, հարձակվելը, հայհոյելը…Եվ այստեղ խոսքը միայն իշխանությանը չէ, որ ուղղված է, այլ նաև բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին է։ Իբրև քաղաքական գործիչներ, բոլորը ունեն միավորելու նույն պարտավորությունը, առաքելությունը և հրամայականը։
Ճիշտ այնպես, ինչպես մեր միջին քաղաքացու մշակութային մակարդակը բարձրացնելու կարիքը ունենք, նույնպես կարիք ունենք մեր քաղաքական քննարկումները և վեճերը բոլորովին նոր մակարդակի վրա բանաձևելու, և հրաժարվելու այսօր օգտագործվող պառակտիչ և վիրավորական բառապաշարից։
Թե՛ ՀՀ Վարչապետը և թե՛ Նախագահը քանիցս հայտարարել են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Եթե այդպես է, ուրեմն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր հայերի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Անշուշտ, նախարարությունն այսօր շատ հեռու է դրանից․․․․ բայց ճի՛շտ այդ գերագույն կարգավիճակին է, որ պետք է ձգտել հասնել։
Այսպիսո՛վ է, որ Հայաստանը, որպես պետություն, պիտի կարողանա իր ներկայությունը և հովանավորությունը լիարժեք իրականացնել աշխարհի բոլոր հայ համայնքների մեջ։
Այսպիսո՛վ է, որ Հայաստանը պիտի կարողանա տեր լինել աշխարհասփյուռ հայ բեկորներին։
Այսպիսո՛վ է, որ սփյուռքահայության ստեղծագործ միտքը պիտի հաջողի խորքային և իմաստալից կերպով հասնել Հայրենիք և լծվել Հայաստանի զարգացման մարտահրավերների հաղթահարմանը։
Եվ ի վերջո՝ այսպիսո՛վ է, որ պիտի կազմենք ՄԵԿ ԱԶԳ՝ խարսխված մե՛կ մշակույթի մեջ, բայց, միաժամանակ, զգոն, աշխույժ, մրցունակ և աշխարհի մաս կազմող։ Իբրև ազգ բարգավաճելու, մրցելու և գերազանցելու ուրիշ ճանապարհ չունենք։ Վերջապես, մոռանա՛նք գոյատևելը։