«Թե ի՞նչ եղավ իրականում․․.». Լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը
Advertisement 1000 x 90

«Թե ի՞նչ եղավ իրականում․․.». Լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը

Գեղամ Օհանյանն ու Հենրիկ Գևորգյանը, որոնց նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը փնտրում էին փրկարարները և հայտնաբերեցին Սպիտակասար ու Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում, չեն կարողացել իրենց մասին տեղեկություն հայտնել, որովհետև կապ չի եղել։

Օհանյանն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում.

«Թե ի՞նչ եղավ իրականում․․․

Մինչ երեկոյան իմ շնորհակալական խոսքը շարադրելը ուզում եմ պատմել թե ինչ էր եղել իրականում և ինչ էր ներկայացվել ձեզ։

Ստորև գծագրած նկարում ես ցույց եմ տվել մեր մեկնարկային կետը, անցած ճանպարհը, վերջնակետը։ Օղակի մեջ եմ վերցրել նաև կողմնորոշիչները՝ Գեղարդ գյուղը, Վիշապի (վանքի) լիճը, Աժդահակը, որ մոտավոր պատկերացնեք մեր դիրքը։

Ամենագնաց ավտոմեքենայով առավոտյան դուրս էինք եկել պարոն Հենրիկի հետ և շաժվել դեպի Գեղարդ։ Որոշել էինք Գեղամա լեռնաշղթան հատել և հայտնվել հակառակ կողմում՝ դեպի Սևանի Մարտունի քաղաք։ Բնականաբար պետք է Գեղարդի կողմից բարձրություն հավաքեինք և հետո վայրէջք դեպի հակառակ կողմ, ու փաստորեն մեր ճանապարհի ամենաբարձր հատվածում ճանապարհի որոշակի հատված ձյունածածկ էր։ Մենք կամ պետք է որոշում կայացնեինք ուղիղ կես ճամփից ետ դառնալ, կամ պիտի վճռեինք անցնել ձյունածածկ հատվածը ու իջնել դեպի նպատակակետ։ Մեր որոշման վրա մեծ ազդեցություն ունեցավ այն, որ այդ հատվածում ավտոմեքենայի թարմ հետքեր կային, դեպի մեզ ցանկալի ուղղությամբ գնացող, որոշեցինք այդ հետքերով գնալ ու եթե անցանելիությունը բարդանա, թողնել ետ դառնալ։
Ու տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի չէր, ձյան տակ, կային հողի փոքրիկ փոսեր, որոնց մեջ հայտնվեց մեր ավտոմեքենայի ակները։ Ինձ մոտ էլ հարց առաջացավ, բա ինչու դիմացի ավտոմեքենան չէր ընկել այդ փոսերի մեջ, ենթադրում եմ, որ նրա ակների հեռավորությունը իրարից ավելի մեծ է եղել կամ առավոտյան վաղը ձյունը այնքան սառած է եղել, որ պահել է իրենց ավտոմեքենան, հիշեցնեմ, որ վերևում շատ ցուրտ էր։ Դեպքը տեղի ունեցավ 16։30-ի սահմաններում։

Ու մենք փաստորեն ունեինք երկու տարբերակ, կամ անմիջապես թողնել ավտոմեքենան ու ոտքով շտապել դեպի ետ (ունեինք 1,5 ժամ, 6-ին մթնում է), կամ փորձեինք այդ 1,5 ժամվա ընթացքում ավտոմեքենան հանել փոսի միջից, տարբեր հնարքներ կիրառելով։ Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը ու փաստորեն մնացինք այնտեղ։ Մթնելուց հետո շարժվելը խիստ վտանգավոր կլիներ, քանի որ տարածքը լի է գայլերով ու արջերով։ Գիշերը մնացինք ավտոմեքենայի մեջ, բայց տեղանքից կապ չկար, որպեսզի զանգ տայինք ու ասեինք, որ մեզ մոտ ամեն բան նորմալ է։

Ահա, ողջ եղելությունը․․․
Ես երեկ, փոխարենը գայի ու գրկեի հարազատներիս, փնտրում էի խուճապի սկզբնաղբյուրը, ով է այս ողջ ժողովրդին խուճապի մատնել։
Ընտանիքս, կինս գիտեին, որ ես լավ տիրապետում եմ տվյալ տարածքին, ու մոլորվելու կամ կորելու վարկած իրենց մտքով անգամ չի անցել։ Ուղղակի անհանգստանալով, որ կապ չկա, տեղեկացրել են ԱԻՆ-ին, որ այս ուղությամբ են շարժվել ու արդեն ուշանում են։ Մտա ԱԻՆ-ի լրատվական բաժին, այնտեղ հենց այդպես էլ նշված էր, կամ մոտ այդպես, բայց ոչ ԿՈՐԵԼ։
Ու ոնց պրպտեցինք, այդ «սենսացիայի» հեղինակը Շանթ Նյուզն է եղել։ Դուք հասկանու՞մ եք թե ինչ է արել մեկ լրագրողի իր կարծիքով փոքրիկ գեղարվեստականացումը։
-ԿՈՐԵԼ է, ուրեմն պետք փնտրել ողջ տարածքում, որը ահռելի մեծ է։
-ԿՈՐԵԼ է, ուրեմն ծանոթ չի տեղանքին, եթե ծանոթ չի, ուրա գնացել ես Նոյեմբեր ամսին։
-ԿՈՐԵԼ Է ԱԿՏԻՎԻՍՏ ԳԵՂԱՄԸ, ուրեմն կարողա՞ մեկը տարել գլուխը կերելա։
Հազարավոր մարդկանց ողջ գիշեր պահել լարվածության մեջ, սպասումի մեջ, մոտ ամենագնացներով ԱԻՆ-ը ու ինձ անծանոթ կամավորներ, ողջ գիշեր փնտրել քրքրել են ողջ տարածքը, ինչի՞ համար՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ։
Ողջ գիշեր լեռներում են եղել նաև հարազատներս, ընկերներս, մոտ մեկ տասնյակ ամենագնացներով, իրենք միևնույնն է գալու էին իմ ետևից, բայց անգամ իրենց մոտ տագնապը ավելացավ, երբ բոլորը սկսեցին անհանգստանալ։

1․ Կասկածում էին, որ կարող է ավտոմեքենան գլորվա՞ծ լինի ձորը, ապա տեղանքին ծանոթ տղերքից պետք էր ուղղակի ճշտել, որ տարածքում եզրային ճանապարհներ չկան, որ գլորվես, բոլոր ճանապարհները բլուրների մեջտեղով են անցնում, որովհետև այդ տարածքում մեծ ավտոմեքենաներով անասուն են տեղափոխում, քար են տեղափոխում և այլն։

2․ ԿՈՐԵ՞Լ, Ո՞նց կորես, եթե տեղանքում բազմիցս եղել ես և հետդ ունես կողմնացույց, օֆլայն քարտեզ, ու բաց երկինք (մարախուղ ու ամպ չկար)։

Մենք առավոտյան թողնելու էինք ավտոմեքենան ու մոտ 4 ժամում հասնեինք Գեղարդ, բայց առավոտյան հենց կապը տվեց առաջիկա բլուրի վրա, մտա ֆբ ու սիրտս պայթեց, որ այսքան մարդու արթուն եմ պահել գիշերը ու նեղություն պատճառել։ Ես ներողություն եմ խնդրում թե իմ թե Շանթի փոխարեն, բայց իրանց հարցերը լուրջա լինելու կարծես։

Առանց ամաչելու էլ, հոլովակ են պատրաստել, ասում են մի քանի միլիոն դրամ ծախսվեց որոնողական աշխատանքների վրա։ Այ ԱՊԱտեղեկատվական կենտրոն, եթե ձեր հոդվածը չլիներ այդ վերնագրով, ու վիշապի լճի մոտից մի հատ 10,000 դրամանոց բարձր հրավառություն կամ բարձր լույսային ազդանշան կրակեին օդ, մենք մի ժամից կիջնեինք լիճ, կամ մենք կկրակեինք մեր մոտինը, որպես պատասխան ու կնշմարեինք մեր տեղը։ Ու մեզ ման չէին գա Խոսրովի անտառում կամ Աժդահակի հակառակ կողմում, դուք հասկանում եք թե՞ ինչ եք արել, մի հատ ուռճացումով։

Հ․Գ․
Խնդրում եմ, օգնեք տարածել այս գրառումը, որովհետև մարդկանց մոտ թյուրըմբռնում է առաջացել, ինձ քիչ ճանաչողներն էլ անգամ խորհուրդ են տալիս կողմնացույց կամ շուն տանել հետս, որ չմոլորվեմ մինչդեռ, մենք այդտեղ, որ անգամ շատ ցանկանայինք, մոլորվել չէինք կարողանա»։