ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակումը.
««Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Շողիկյանն արժանացել է Շվեցարիայի դեսպանատան կողմից սահմանված մրցանակին:
Ներկայացնում ենք նրա շարադրությունը։
Իմ ընկեր …
Իմ սենյակի պատուհանի մոտ նստած նայում էի, թե ինչպես են մեր բակի երեխաները ֆուտբոլ, բռնոցի խաղում, վազվզում բակում։ Ինձ ձմռանը գրեթե դուրս չէին տանում։ Ու ընդհանրապես ես տնից գրեթե դուրս չէի գալիս։ Միշտ տանն էի, մայրիկիս հետ։ Մայրիկս էր միակ ընկերս, խաղընկերս, դաստիարակս։ Իմ ծնվելուց հետո մայրս ստիպված ազատվել էր աշխատանքից, որպեսզի իր օրերը նվիրի միայն ինձ։ Իսկ հայրս, հակառակը, գրեթե տանը չէր լինում, գալիս էր ուշ, հոգնած, մի կտոր հաց ուտում ու գնում քնելու, որպեսզի հաջորդ առավոտյան դարձյալ գնա աշխատելու։ Այն մասին, որ հայրս ստիպված էր երկու տեղ աշխատել, ես իմացա, երբ արդեն մի քիչ ավելի մեծ էի, ու գիտակցեցի, որ նա ստիպված էր հրաժարվել հանգիստ կյանքից` հանուն ինձ, ավելի ճիշտ` հանուն իմ թանկարժեք բուժումների։Մի ամառային օր ես դարձյալ նայում էի, թե ինչպես են երեխաները բակում պահմտոցի խաղում ու ես էլ նրանց հետ մտովի խաղում էի, որովհետև վերևից լավ տեսնում էի, թե ով որտեղ է թաքնվել։ Այդ օրը հայրս աշխատտանքից շուտ վերադարձավ։ Նրանք մայրիկի հետ շշուկով մի–երկու բառ փոխանակեցին միջանցքում ու մի տեսակ հանդիսավոր մտան իմ սենյակ։
– Տղա՛ս, քեզ համար լավ լուր ունենք։ Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին ու դու սեպտեմբերի 1-ից դպրոց ես գնալու,– ասաց մայրիկս ու համբուրեց ինձ։
– Այնպես որ արդեն մեծ տղա ես,– հայտարարեց հայրիկս` գլուխս շոյելով։
Ուրախությանս չափ չկար։ Պատկերացնել անգամ չէի կարող, որ դպրոց եմ գնալու` բոլոր երեխաների պես։ «Վերջապես կշփվեմ հասակակիցներիս հետ, կհասկանամ ընկեր ունենալու երջանկությունը։ Ես էլ կխաղամ ընկերներիս հետ ու այլևս ստիպված չեմ լինի նայել, թե ինչպես են մյուսները խաղում»,– մտածում էի ես մեկ ամիս շարունակ ու անհամբեր սպասում, թե երբ է ավարտվելու օգոստոսն ու երբ է վերջապես գալու սեպտեմբերի 1-ը։ Բակի երեխաներին էլ այլևս թախիծով չէի նայում։
Գիտեի` շուտով ես էլ եմ ընկերներ ունենալու։ Միասին խաղալու ենք, միասին կատակելու, ծիծաղելու, սովորելու, մի խոսքով` ապրելու։ Վերջապես եկավ երկար սպասված օրը։ Հայրս ինձ սայլակով գրկած իջեցրեց շենքի աստիճաններից, օգնեց ավտոմեքենա նստել ու մենք շարժվեցինք դեպի դպրոց։ Ես չէի էլ հարցրել, թե որ դպրոցն ենք գնալու, ինձ դա այնքան էլ չէր հետաքրքրում, կարևորը` ես դպրոց էի գնում ու այդքանով արդեն երջանիկ էի։ Մեր տնից ոչ շատ հեռու մի դպրոց կար, հենց մեր տան ճանապարհին։ Երբ ավտոմեքենայի պատուհանից երևաց դպրոցի շենքը, սիրտս սկսեց ավելի արագ խփել։ Բայց ավտոմեքենան անցավ դպրոցի կողքով ու մենք շարունակեցինք ճանապարհը։ Ես զարմացա, մի քիչ տխրեցի, բայց ծնողներիս ոչինչ չասացի։ Մի քանի րոպեից մենք մենք կանգ առանք մեկ այլ շենքի մոտ, որը գրեթե ոչ մի բանով չէր տարբերվում ինձ ծանոթ դպրոցի շենքից։ Թերևս միայն նրանով, որ երեխաներն այստեղ շատ չէին, չկար դպրոցին բնորոշ ուրախ աղմուկն ու իրարանցումը։ Իսկ բակում մի քանի երեխաներ կային` ինձ նման, սայլակով։ Հայրիկս ինձ դուրս բերեց ավտոմեքենայից, նստեցրեց սայլակի մեջ ու մենք մտանք դպրոց։
Մեր դասարանում միայն սայլակներով ու հենակներով տեղաշարժվող երեխաներ էին։ Ես արդեն հասկացա, որ սա սովորական դպրոց չէ։ Բայց միևնույն է, դպրոցական դառնալու ու ընկերներ ունենալու միտքն ինձ շարունակում էր ուրախացնել։ Ես փորձեցի խոսել նոր ընկերներիս հետ, ծանոթանալ։ Բայց նրանք կա՛մ չէին պատասխանում ինձ, կա՛մ պատասխանում էին ակնհայտ դժկամությամբ։ Դպրոցում իմ առաջին օրն անցավ լռության մեջ։ Սեպտեմբերի 1-ը կոտրեց իմ մեջ բոլոր հույսերն ու սպասումները։ Հաջորդ օրերը ևս առաջինից շատ չէին տարբերվում։ Այստեղ երեխաները տխուր էին, ինքնամփոփ։ Ավելի ուշ ես իմացա, որ դասարանցիներիցս մի քանիսը դպրոցում են ապրում։ Անգամ շաբաթ ու կիրակի օրերին ծնողները նրանց տուն չեն տանում։ Այստեղ ես առաջին անգամ լսեցի «գիշերօթիկ« բառն ու հասկացա այդ երևույթի ողջ դառնությունը։ Ես, իհարկե, ամեն օր տուն էի գնում ու դպրոցում մնում էի միայն դասեերի ժամանակ։ Բայց ընկերներիս տրամադրությունը ազդում էր նաև ինձ վրա։ Ես այլևս չէի ուզում դպրոց գնալ, չէի ուզում տնից դուրս գալ, բայց ծնողներիս չտխրեցնելու համար լռում էի ու իմ կամքին հակառակ ամեն օր գնում դպրոց։
Այդ ամենը շարունակվեց 4 տարի։ Մի օր տուն վերադառնալիս այլևս չկարողացա զսպել հույզերս ու մայրիկիս ասացի.
–Էլ չեմ ուզում դպրոց գնալ։
Մայրս փորձեց հասկանալ` ինչու։ Բայց ես ոչինչ չասացի։ Նա երևի առանց խոսքի հասկացավ։ Ինձնից թաքուն սրբեց աչքերը ու լռեց։ Հաջորդ օրն ինձ դպրոց չտարան։ Մի ամբողջ շաբաթ ես մնացի տանը ու պատուհանից նայում էի, թե ինչպես են մեր բակի երեխաներ գնում դպրոց, վերադառում իսկ երեկոյան խաղում բակում։ Մի օր մայրս ասաց, որ առավոտյան պետք է շուտ արթնանամ։ Դպրոց ենք գնալու։ Առավոտյան մեր ավտոմեքենան կանգ առավ ինձ ծանոթ դպրոցի մոտ, որի բակը, ինչպես միշտ, լիքն էր ուրախ-ուրախ զրուցող, իրար հետևից վազվզող երեխաներով։ Ինձ իջեցրեցին ավտոմեքենայից ու մենք միասին մտանք դպրոց։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Դպրոցի մուտքի մոտ ինձ դիմավորեց մի ժպտերես ու բարի կին։ Ծանոթացանք։ Ես հրաժեշտ տվեցի ծնողներիս ու նրա ուղեկցությամբ մտա դասասենյակ։ Ես մի քիչ անհանգիստ էի, չգիտեի` ինչպես ինձ կընդունեն «սովորական» դպրոցի «սովորական» երեխաները։ Բայց, ի զարմանս ինձ, երեխաներն ինձ սիրալիր դիմավորեցին։ Տղաներից մեկն արագ աթոռը հեռացրեց առաջին սեղանի դիմացից ու ինձ առաջարկեց այդտեղ «նստել»։ Այս վերաբերմունքն ինձ համար անսպասելի էր, բայց հաճելի։ Իսկ դասամիջոցին բոլորը շրջապատել էին ինձ ու հարցեր էին տալիս` որ դպրոցից եմ եկել, որտեղ եմ ապրում, ինչպես եմ սովորում, որ առարկան եմ սիրում։ Ես սկզբում վախեցած ու կաշկանդված էի շփվում նոր դասընկերներիս հետ։ Միևնույն ժամանակ վախենում էի, որ ամեն ինչ կփոխվի, նրանք ինձնից կհոգնեն ու այլևս չեն ցանկանա ընկերություն անել ինձ հետ։ Չէ՞ որ ես նրանց նման չեմ։
Բայց օրերն անցնում էին, ընկերներս չէին փոխվում։ Նրանք, կարծես չէին էլ նկատում, որ ես տարբերվում եմ իրենցից։ Շուտով ես պարզեցի, որ այդ դպրոցում ներառական կրթության ծրագրով սովորող երեխաներ էլի կան, մյուսներն էլ վաղուց արդեն սովորել են, որ մարդիկ կարող են տարբեր լինել։ Սայլակով, թե առանց սայլակի, երեխաները նույնն են, նույն հույզերով, նույն ուրախություններով ու նույն խաղերով։
Նոր դպրոցում իմ կյանքը լիովին փոխվեց։
Դեկտեմբերյան մի օր ձյուն եկավ։ Ես գնացի դպրոց ու տեսա, որ ընկերներս դպրոցի բակում ձնագնդի են խաղում։
Ընկերներիցս մեկը մոտեցավ ինձ ու ինձ մեկնեց ձեռքի պատրաստի ձնագնդին։ Ես վերցրեցի այն ու նետեցի երեխաներից մեկի վրա։ Ես մտա խաղի մեջ ու սկսեցինք ինքնամոռաց խաղալ։
Սա իմ կյանքի առաջին ձմեռային խաղն էր։ Խաղ, որի մասին ամեն ձմեռ երազում էի` պատուհանից մեր բակի երեխաներին նայելիս։
Արմենը, ով ինձ տվեց իմ առաջին ձնագնդին, դարձավ իմ լավագույն ընկերը։ Մենք արդեն 9-րդ դասարանում ենք։ Այս տարի հրաժաշետ ենք տալու մեր հարազատ դպրոցին ու իրար։ Բայց արդեն որոշել ենք` մնալու ենք լավ ընկերներ ու հաճախ ենք հանդիպելու։
Դասարանն ու իմ ընկերներին ես համարում եմ իմ 14 տարվա ամենամեծ ձեռքբերումը։
Հ.Գ. Հավանաբար կռահեցիք, որ պատմությունն իմը չէ։ Պարզապես ես փորձեցի ինձ պատկերացնել ներառական կրթություն ստացող երեխաներից մեկը` ավելի լավ հասկանալու, թե ինչպես են նրանք զգում իրենց մեր դպրոցում ու ինչքան քիչ բան պետք է անենք մենք` նրանց լավագույն ընկերը դառնալու համար»։