15 հազար դոլարով բնակարան՝ Երևանի կենտրոնում. Զգուշացեք
Advertisement 1000 x 90

15 հազար դոլարով բնակարան՝ Երևանի կենտրոնում. Զգուշացեք

Ֆեյսբուքյան օգտատեր Արտավազդ Թորոսյանն իր էջում գրում է.

«Երեկ, Silver Rea անշարժ գույքի գործակալությունում, list.am-ում բնակարանների վաճառքի վերաբերյալ տեղադրված հայտարարություններն ուսումնասիրելիս մի հայտարարություն նկատեցինք, որը հենց սկզբից շատ կասկածելի թվաց։ Ոմն Վիկտոր, Երևանի փոքր կենտրոնում, Սարյան և Ամիրյան փողոցների վրա իբր թե վաճառում է բնակարան, համապատասխանաբար 15,0 և 25,0 հազարական դոլար արժեքով։ Սակայն, նույնիսկ անշարժ գույքի հետ գործ չունեցած ցանկացած մարդ էլ լավ գիտի, որ նշված տարածքներում բնակարանների արժեքը մի քանի անգամ գերազանցում է հայտարարված գները։

Կասկածելի էին ոչ միայն գները, այլև այն, որ վաճառողի կողմից չէր նշվել ոչ մի կոնկրետ տվյալ (հասցեն, հարկը, շենքի տիպը, սենյակների քանակը և այլն)։

Հայտարարատուն գրել էր կոնտակտային WatsApp-ի համար։ Գրեցի նշված անձին և ստացա մի «շատ լավ մշակված» պատասխան։ Իբր թե նա տարիներ առաջ աշխատել է Երևանում, գրավի դիմաց ձեռք է բերել նշված բնակարանը և ուզում է ինքնարժեքով վաճառել։ Ներկայումս ինքը իբր թե գտնվում է Լիսաբոնում և կգա Երևան` միայն պոտենցիալ գնորդ լինելու դեպքում։ Վերջինիս կողմից առաջարկվում է, առաջին հայացքից անթերի և գնորդի համար անվտանգ մի սխեմա։ Այն է, գնորդը նշված գումարը (օրինակ 15,0 հազ. դոլար), արագ փոխանցման համակարգով փոխանցում է Ռուսաստանի իր որևէ բարեկամի անունով, կտրոնը նկարում և ուղարկում ես «Վիկտորին», որից հետո նա 3-4 օր հետո գալիս է Երևան, բնակարանը ձևակերպում «գնորդի» անունով, որից հետո միայն, բարեկամի անունով փոխանցված գումարը վերաձևակերպվում է այդ անձի անունով։

Մի խոսքով, հրաշք իրավիճակ։ Ու խայծը հենց այդտեղ է։ Բնականաբար այդ «վաճառողը» Հայաստան չի գալիս, իսկ քո փոխանցած գումարը տարբեր սխեմաներ կիրառելով` յուրացնում են»։



Նման նյութեր