Ինքնիշխանության հղացքը և դրա կերպափոխումները. Աշոտ Ոսկանյան. boon.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինքնիշխանության հղացքը և դրա կերպափոխումները. Աշոտ Ոսկանյան. boon.am

Կարելի է առանձնացնել ինքնիշխանության երեք մոդել՝ ազգային, պետական և ժողովրդական: Ազգային ինքնիշխանության հանգամանքը շատ կարևոր է և բավականաչափ հայտնի. սա ազգի ինքնորոշման իրավունքն է, ուրիշների հետ հարաբերություններ կառուցելու ձևը: Այստեղ հարց է առաջանում, թե որքանով կարող է տվյալ երկիրն ինքնիշխան համարվել ուրիշի համեմատ, ինչքան կարող է իր ինքնիշխանության չափը փոխանցել, օրինակ, վերազգային մարմիններին, և այլն: Պետական ու ժողովրդական ինքնիշխանության մասին խոսելիս կարելի է մոտենալ խնդրին երեք տարբեր փուլերով:

Առաջին փուլն այն է, թե ինչպես է ղեկավարի, իշխանի, թագավորի ինքնիշխանությունը դառնում ժողովրդի ինքնիշխանություն: Երկրորդ փուլն այն է, թե դրանից հետո ինչ քննադատության են ենթարկում այդ կոնցեպտը Ֆրիդրիխ Նիցշեն, Մարտին Հայդեգերը, Կարլ Շմիտտը և այլն: Երրորդ փուլն այս ամենն այսօրվա իրականությունում կիրառելն է: Կոնցեպտն առաջացել է 16-րդ դարում, և այն ժամանակ ինքնիշխանության մասին խոսելիս նկատի են ունեցել սյուզերենի իրավունքը. կա սյուզերեն ու կան վասալներ: Վասալներն ինքնիշխան չեն, իսկ սյուզերենն ինքնիշխան է, այսինքն, իշխում է նրանց վրա: Այս առումով օգտակար է վերջերս Մարկ Նշանեանի կողմից մտցված տարբերակումը, ըստ որի կարելի է տարբերակել գերիշխանությունն ու ինքնիշխանությունը:

boon.am