Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. armeniasputnik.am

Լիբանանահայ Արշալույս Ամսին հարս է եկել Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ։ Համացանցում հայտնվել է նրա ու տավուշցի Արմեն Գալստյանի հարսանիքի մոնտաժված տարբերակը. յուրահատուկ ու հետաքրքիր դրվագներով լի հարսանիք, որտեղ զգացվում է գյուղական մաքրությունն ու պարզությունը։

Հարսի կողմը հարսանիքին սկսում է պատրաստվել ռազմահայրենասիրական երգով. հայրենիքի կարոտը հենց այստեղից է զգացվում։ Հետո երևում է սարերի մեջ ծվարած սահմանապահ գյուղի չքնաղ կոլորիտով ողողված գյուղական կենցաղը` լվացք փռել, հարսանիքի ուտեստներ պատրաստել… Իսկ լիբանանահայ հարսիկը վարսավիրանոցից վերադառնում է գյուղական հին «Ժիգուլիով»։

Նրա հոլիվուդյան ժպիտից զգացվում է, որ շատ է սիրում Արմենին, իսկ Արմենն այդ ընթացքում սրտատրոփ պատրաստվում է հարսի հետևից գնալուն։ Սիրելի ուսուցչուհու ուրախությանը միանում են նաև աշակերտները, որոնք հերթով շտապում են նրան շնորհավորելու։ Նրանք անգամ «բողոքի ակցիա» են կազմակերպել` իրենց հետ բերելով «Արմեն հեռացիր, միսս Արշոյին մոռացիր» պաստառը։

Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ Արշալույս Ամսին հայրենիք է եկել «Դասավանդիր, Հայաստան» երկամյա ծրագրի շրջանակում։ Նրան գործուղել են Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր սահմանապահ գյուղի դպրոց։ Արշոն ապրում էր Արմենի հորեղբոր տանը, հենց այնտեղ էլ երիտասարդը տեսել է աղջկան, սիրահարվել ու նվաճել նրա սիրտը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն օրհնում է երիտասարդների միությունը, իսկ ամբողջ գյուղն անկեղծ սրտով ուրախանում նրանց հարսանիքին։

armeniasputnik.am