Երևան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի կալանքի միջնորդությունը: Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ որոշումը կբողոքարկի:
Հատուկ քննչական ծառայությունը փոփոխել էր Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: