«ՀՆԱ-ն, կրկնեմ, նույնիսկ Կարեն Կարապետյանի ժամանակ աճում էր ու աճում, կարող եք Google անել ու համոզվել»
Advertisement 1000 x 90

«ՀՆԱ-ն, կրկնեմ, նույնիսկ Կարեն Կարապետյանի ժամանակ աճում էր ու աճում, կարող եք Google անել ու համոզվել»

Մի երկու խոսք ՀՆԱ-ի (համախառն ներքին արտադրանքի) մասին։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը 2019 արդյունքներով անցել է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։

Հավատում եմ վարչապետին, չնայած, որոշ չար լեզուներ փորձում են արժեզրկել նոր իշխանությունների այդ նվաճումը, պնդելով, որ աճը ոչ թե արտադրության հաշվին է, այլ ստվերային տնտեսությունը օրինական դարձնելու ու ազգային արժույթի կայունացման։

Ծիծաղելին այն է, որ այդ ստվերի վերացումը կամ նույնիսկ կրճատումը իրականում ավելի կարևոր արդյունք է, քան արտադրության աճը որպես այդպիսին։

Ու զարմանում եմ, որ իշխանությունները «նախորդների» կողմից դեմ տված «սա է ձեր պահած երկիրը» կուտը կերել են ու փորձում են ապացուցել, որ երկու տարվա ընթացքում ապահովել են կտրուկ տնտեսական աճ։

Բայց դե արի ու մի ասա, այլ խելոքներ, Սերժին ցածր ՀՆԱ-ի համար չէ, որ դահլիճից դուրս հրավիրեցին, այլ այդ իսկ ստվերի համար։ Իսկ դուք իրական նվաճումը թողած փորձում եք բոլորին համոզել, որ ՀՆԱ եք աճեցնում ու բոլորին անցել եք, մնացել է Թուրքիան ու Չինաստանը, փոխարենն ասեք՝ «տեսեք, գուցե այդքան էլ արագ չենք աճում, բայց դե ստվերը վերացավ ու մենք հիմա տեսանք, որ հարևաններից ոչ պակաս ենք աճում, բայց առաջ գողանում էին, իսկ հիմա՝ ոչ»։

Սուտը, ինչպես հայտնի է, երկար չի ապրում։ Նախորդ իշխանությունների հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված էր իրենց ստերով, ժողովրդի հանդեպ ցինիկ վերաբերմունքով ու տարրական արդարության բացակայությամբ։ Այսօր իրավապահ ու դատական համակարգը կարգի բերելու փոխարեն խոսում են ՀՆԱ-ի աճի ու ներդրումների հոսքի մասին։ Նույն Քոչարյանի ժամանակ լիքը ներդրում էր արվում, բայց դե դրա հետ մեկտեղ մարդկանց զրկում էին ունեցվածքից հանուն կեղծ «գերակա հանրային շահի» ու հենց դա էր առաջացնում մարդկանց դժգոհությունը, այլ ոչ թե պակաս ներդրումները կամ դանդաղ տնտեսական աճը։

Հիմա նույն բանը կատարվում է #նորՀայաստան –ում. մի կողմից տնտեսական աճ, որը իրականում պարզվում ա այդքան էլ աճ չի, այլ ստվերից դուրս բերված ապրանքների ու ծառայությունների շրջանառությունը, ինչն իհարկե, շատ լավ է, նույնիսկ գերազանց։ Բայց մյուս կողմից, հին իրավապահ ու դատական համակարգերը, նույն չեկիստական մշակույթը, նույն բացարձակ ոչ թափանցիկ քննչական համակարգը ու ամենատխուրը՝ նույն #հինմտածելակերպ -ը։ Իսկ ՀՆԱ-ն, կրկնեմ, նույնիսկ Կարեն Կարապետյանի ժամանակ աճում էր ու աճում, կարող եք Google անել ու համոզվել։

David Sand-ի էջից:



Նման նյութեր