«Պատմություն գրելը թթու թան չի, ամեն մարդու բան չի». Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

«Պատմություն գրելը թթու թան չի, ամեն մարդու բան չի». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմություն գրելը թթու թան չի, ամեն մարդու բան չի. մտածում եմ՝ կարո՞ղ է Էրդողանն իսկապես համոզված գիտի, որ «Հայաստանը երիտասարդ պետություն է, իսկ հայերը մինչ Հայաստանի ստեղծումը քոչվորի կյանք են վարել՝ տեղափոխվելով մի երկրից մյուսը»: Հա դե, պատմություն նա պետք է սովորած լինի Թուրքիայի դպրոցում, դեռևս Մուստաֆա Քեմալի ծրագրով աղավաղված նպատակահարմարությամբ, այնտեղ հայեր և հայկական պետություն չկա, հայերի մասին էլ աչքով տեսածն այն է, որ նրանք ապրում են աշխարհի բոլոր երկրներում, ամեն տեղ էլ կառուցում են, այդ թվում՝ եկեղեցիներ, հլա տեսեք Երուսաղեմում, որ դարերից եկեղեցիներ ունեն:

Ինչո՞ւ չեն կարող ունենալ Վանում, Մուշում, Կարինում, Էրզրումում, Երզնկայում… Ճիշտ է, Թուրքիայի ներկայիս արևելքը՝ Արևմտյան Հաաստանը, թուրքերեն խոսակցականում շարունակում է Էրմանիստան կոչվել, բայց դե Բելգիայի Գենտ քաղաքի կենտրոնական հրապարակն էլ խոսակցականում թուրքական են անվանում: Ո՞րը պիտի լիներ Էրդողանի չափման միավորը: Ճիշտ է, օրենքի չիմացությունն անհատին չի ազատում իրավական պատասխանատվությունից: Բայց դա օրենքին է վերաբերում, ոչ թե պատմությանը: Բացի այդ, իրավական պատասխանատվությունից ազատում է նախագահական անձեռնմխելիությունը, իսկ Էրդողանը նախագահ է: Կարո՞ղ է նախագահը պատմություն չիմանալ: Ամեն մարդ կարող է պատմություն չիմանալ: Օրենքը դրա համար չի պատժում: Իսկ նախագահներին առհասարակ պետք չէ իմանալ իրեն խանգարող պատմությունը: Այնպես որ Էրդողանն անմեղ է իր «մոլորություններում»:

Բայց մեր վարչապետը ճիշտ է արել մ․թ.ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզի լուսանկարն ուղարկելով. նա օգնում է Էրդողանին դուրս գալ ազնիվ մոլորություններից և մտնել հարկադրված քաղաքական մոլորությունների դաշտ: Էրդողանը երկուսում էլ արհեստավարժ է, նա հո լավ գիտի, որ Բաբելոնը միշտ էլ թուրքերին թշնամի է եղել, հատկապես մ.թ.ա. 6-րդ դարում, երբ ենթակա էր Աքեմենյան Պարսկաստանին: Ճիշտ է, ասում են, որ Բաբելոնն այդ ժամանակ նույնիսկ համագործակցել է Հայաստան անունով երկրի հետ, բայց այդպես ասողները պատմության կեղծարարներն են:

Ինչպես պատմության կեղծարարներ են Բաբելոնում մ.թ.ա. 6-րդ դարում կազմած քարտեզի հեղինակները: Հիմա ճիշտ ժամանակն է դատական հայց ներկայացնել Իրանի իսլամական պետությանը՝ որպես Աքեմենյան Պարսկաստանի ժառանգորդի, պահանջել պատժել Իրանում մնացած փոքրաթիվ ասորիներին՝ որպես մ.թ.ա. 6-րդ դարի Բաբելոնի ժառանգորդների, որոնց նախնիները մ.թ.ա. 6-րդ դարում քարտեզ կազմելիս չեն նկատել Միջագետքում «եղած» թուրք էթնոսին և նույնիսկ դրանից ավելի քան հազար տարի առաջ Համմուրաբի արքայի օրենքներում «թուրքական մշակութային ներդրումը», բայց այ՝ ինչ-որ չեղած Հայաստան տեսել են:

Դե իսկ Իրաքի ասորիներին պատժելու հարցում Էրդողանին օգնություն պետք չի: Հերիք չի «ծպտվել են» որպես քուրդ, դեռ մի բան էլ մոռացել են իրենց քաղաքակրթության վրա մ.թ.ա. շրջանի թուրքական ազդեցությունը: Այոʹ, պատմության կեղծարարներին պե՛տք է պատժել: Սովորեք Թուրքիայում գրված ուսանելի պատմությունը, այն արդիական է, պատասխանում է ձեր բոլոր հարցերին և, ամեն ինչից զատ, դրա համար ձեզ լրացուցիչ ձանձրալի աղբյուրներ պետք չեն: Թուրքիան ձեզ համար է պատմություն կերտում, համաշխարհային ծառայություն է մատուցում, թթու թան չի, ամեն մարդու բան չի»:



Նման նյութեր