«Դուք բթամիտ եք ու նողկալիորեն անազնիվ»
Advertisement 1000 x 90

«Դուք բթամիտ եք ու նողկալիորեն անազնիվ»

Որ մեզնում առողջ, բանական բանավեճը, քննարկումը գրեթե անհնար է դարձել՝ բոլորս գիտենք։ Այդ շրջանակում սակայն արմատացել է մի երևույթ, մի, այսպես ասած, ենթամշակույթ, որը վերածվել է ապուշության գլուխգործոցի։ Մարդկանց համար ամենահավաստի «փաստարկի» տեսք են ստացել այն կարճ նախադասությունները, որոնք լոզունգի տեսք ունեն։ Ընդ որում՝ որքան անհեթեթ ու սխալ, այնքան զանգվածայնորեն ավելի ընդունելի։ Որովհետև տրամաբանականը խղճուկ, անհետաքրքիր է ընկալվում։

Ասենք՝ «քաղաքականությունը պոռնկություն է»։ Հլա գրեք ու տեսեք, թե ինչքան like կհավաքեք։ Մինչդեռ պոռնկություն (իհարկե, փոխաբերական իմաստով, ինչպես ենթադրվում է նշված արտահայտությունից) անում են նրանք, ովքեր առանց քաղաքականության էլ դրան ի վիճակի են։ Ստացվում է, որ այդ լոզունգը ամեն առիթով ու անառիթ գրողներն իրենք, եթե քաղաքականությամբ զբաղվեին, պոռնիկ էին դառնալու։ Իհարկե, կա մյուս եզրը ևս. բավական մեծ թվով այդպիսիք, քանի որ որևէ բանի պիտանի չեն, ամեն կերպ խցկվում են ամեն անցքի մեջ, այդ թվում և քաղաքականության կամ քաղաքական խաղերի մեջ, և այդտեղ իրականացնում պոռնկության իրենց կոչումը, իղձը։ Եվ ուրեմն, գոնե իրենց առնչությամբ, այդ արտահայտությունն իրենց համոզիչ է թվում։

Կամ՝ «բոլոր ղեկավարներն էլ նույնն են» (ենթադրվում է՝ հանցագործ, կողոպտիչ, հայրենիքի դավաճան, մասոն, չգիտեմէլիինչ)։ Այսինքն, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Նիկոլը լրիվ նույնն են, էլի։ Սրա ակունքն էլ այն է, որ այդ մարդիկ չեն պատկերացնում, որ կարելի է լծակներ ունենալ և դրանք չգործածել կողոպտելու, դավաճանելու, սպանելու նպատակով։

Կամ՝ «բոլոր ազգերը (մարդկությունը, լեզուները, քաղաքակրթությունը և հնարավոր այլ տարբերակներ) հայերից են առաջացել»։ Եվ եթե փաստարկ ուզես՝ դու ազգի դավաճան ես։ Որովհետև իր «գյոզալական» լոզունգը փորձում ես ջախջախել։ Ախր, էնպես լավ է. մի ապուշություն են դուրս տալիս և միանգամից իրենք իրենց աչքին դառնում ղայիմ հայրենասեր, գիտական ու բանական «ամբոխից» վեր կանգնած գրեթե արարիչներ։

Դե, որ էդքան լավ է, մի լոզունգ էլ ես ասեմ. դուք բթամիտ եք ու նողկալիորեն անազնիվ։

Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր