Չինաստանից Հայաստան եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել
Advertisement 1000 x 90

Չինաստանից Հայաստան եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել

ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետ, ծանոթացել ուղեւորահոսքի նկատմամբ հսկողության ուժեղացված աշխատանքների ընթացքին։ Սահմանային մյուս անցակետերի պատասխանատու կազմի հետ մշտական կապ է պահպանվում՝ ճշտելու իրավիճակն ու ձեռնարկված միջոցառումների ընթացքը։

Համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես, Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին տրամադրվում են «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտեր»։ Դրանք լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին։

Երկիր մուտք գործող անձինք այս առումով իրենց բոլոր հարցերով կարող են դիմել սահմանային բոլոր անցման կետերում տեղակայված՝ ԱԱՏՄ հսկիչ կետերի բուժանձնակազմին։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն օդային եւ ցամաքային բոլոր սահմանակետերում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով։