Լարիսա Մինասյանի` ասուլիսում հնչեցրած մանիպուլյացիաները. antifake.am
Advertisement 1000 x 90

Լարիսա Մինասյանի` ասուլիսում հնչեցրած մանիպուլյացիաները. antifake.am

Հունվարի 29-ին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը և ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը ասուլիս էին հրավիրել, որտեղ գրասենյակի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, ինչպես նաև ներկայացրել, իր բնութագրմամբ, «սուտ» պնդումները և ներկայացրել «փաստեր»:

Լարիսա Մինասյանը անդրադարձել է այն պնդմանը, որ «Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, փոխնախարար Գեմաֆին Գասպարյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող այլ անձանց»:

Նախ նշենք, որ մինչև իշխանափոխությունը Լարիսա Մինասյանի կողմից հիշատակված անձինք համարվում էին մինչհեղափոխական ժամանակաշրջանի քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչները:

Այսպես. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարար Զարուհի Բաթոյանը 2007 թվականից եղել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատուն, «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիրը, իսկ 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Ինչպես նշված է «Հույսի կամուրջ» ՀԿ կայքում, նրանք համագործակցում են տարբեր կառույցների, այդ թվում նաև` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի հետ: Ընդ որում` կազմակերպությունը այս տարիներին հիմնադրամից ստացել է ավելի քան 150.000 ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԲՀՀ-Հայաստան» գրասենյակը վաղուց իր կայքից հեռացրել է կազմակերպությունների` դրամաշնորհներ ստացած անձանց անունները` ուստի չենք կարող միանշանակ փաստել, որ Զարուհի Բաթոյանը «Հույսի կամուրջ» ՀԿ-ում աշխատած տարիներին դրամաշնորհ է ստացել Սորոսի հիմնադրամից:

Իսկ ինչպես կարող ենք պարզել «Disability Info» ՀԿ կայքից, վերջինիս հովանավորողների ցանկում «ԲՀՀ-Հայաստանը» առկա չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը 2013թ. հիմնադրել և ղեկավարել է «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Հետաքրքիր է, որ նշված վերջին կայքում տեղ գտած փոքրաթիվ տեսանյութերը իրենց բնույթով և բովանդակությամբ նման են Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից կեղծիք, զրպարտություն և թշնամանք տարածող յութուբյան ալիքներին` 8rd.am, NVideo Only 1 և այլն:

«ԲՀՀ-Հայաստան» կայքի դրամաշնորհների բաժնից կարող ենք տեղեկանալ, որ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը ավելի քան 170.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել:

Ինչ վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, ապա այս դեպքում մենք գործ ունենք անձամբ Արևիկ Անափիոսյանի անվամբ ստացված դրամաշնորհների հետ: «Վետօ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հրապարակել է մի քանի լուսանկարներ, որտեղ որպես կոնտակտային անձ ներկայացված է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Արևիկ Անափիոսյանը:

Լարիսա Մինասյանի այս պնդումը խնդրահարույց և մանիպուլացնող է, քանի որ «ԲՀՀ-Հայաստան» գրասենյակը դրամաշնորհներ է տրամադրել կոնկրետ ծրագրերի և այդ ծրագրերի ղեկավարների, ուստի կարելի է եզրակացնել, որ այդ դրամաշնորհները տրվել են հենց նրանց: Եվս մեկ հանգամանք. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի շուրջ վերջին տարիների իրադարձությունների ընթացքում կազմակերպության ղեկավարությունը սկզբում հեռացրել, այնուհետև այլևս չի տեղադրում դրամաշնորհներ ստացած անձանց: Օրինակ, նույն 2016 թվականին սեպտեմբերի 2-ին Արևիկ Անափիոսյանի ստացած գրանտի ներկայիս նկարագրությունը այսօր ունի հետևյալ տեսքը.

Սակայն կա ևս մեկ փաստ. դեռևս 2012 թվականին Արևիկ Անափիոսյանը Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) Օժանդակության հիմնադրամի ծրագրերի շրջանակներում հեղինակել է «Քննադատական մտածողություն ձևավորող կրթությունը որպես կանխակալ մտածողության արդյունքում ծագած հակասությունների կարգավորման գրավական» (հղումը) աշխատությունը, որը տեղ է գտել հիմնադրամի կայքի «Հետազոտությունների ցանկ» բաժնում:

Ուստի, անհերքելի է փոխնախարար Արևիկ Անափիոսյանի և «ԲՀՀ-Հայաստան» հիմնադրամի կապը:

Լարիսա Մինասյանը պնդում է, որ սուտ է այն պնդումը, որ «Հիմնադրամը կապ ունի «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հետ»:

Այստեղ ևս Լարիսա Մինասյանը մանիպուլացնում է փաստերը: Դեռևս 2019թ. օգոստոսին Նարեկ Մալյանը հրապարակեց փաստեր, որ Նախախորհրդարանի համակարգող, «Սասնա Ծռեր» կուսակցության ակտիվ անդամ Գարեգին Չուգասզյանը եղել է «ԲՀՀ-Հայաստանի» տնօրենների խորհրդի նախագահը` հիմնադրամի ստեղծման պահից, ինչպես նաև «Գարեգին Չուգասզյանը մի քանի անձնական հանդիպումներ է ունեցել անձամբ միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ, իսկ իր տիրոջ հետ ամենաառաջին հանդիպումը տեղի է ունեցել 1998թ Նյու Յորք քաղաքում: Նյու Յորք Չուգասզյանը հասել է Լարիսա Մինասյանի հետ, ով ներկա է եղել Սորոս-Չուգասզյան ռանդևուին»: Այս փաստը չժխտվեց հենց Գարեգին Չուգասզյանի կողմից, որը ֆեյսբուքյան էջում հրապարակել էր իր կենսագրությունը: «1999-2001թթ. Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հայաստանյան գրասենյակի վարչության նախագահն էր, ինչպես նաև նույն հաստատության Ինֆորմացիոն ենթախորհրդի (Բուդապեշտ, Հունգարիա) անդամ էր և մասնակցում էր ԲՀԻ մոտ 30 երկրներում իրականացվող տեղեկատվական և հաղորդակցման ծրագրերի հետ կապված ռազմավարական որոշումների կայացմանը», – նշում է նա:

Ինչպես նաև այդ մասին մենք կարդում ենք «Սորոսի հիմնադրամների 1999 տարեկան զեկույցում» (“Soros Foundations Network 1999 Annual Report”):

Երբ 2016 թվականի հուլիսին «Սասնա Ծռեր» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց և գրավեց ՊՊԾ գունդը` սպանելով 3 ոստիկանների, և խմբավորման աջակիցները ցույցեր էին անում Սարի թաղում, մի շարք կազմակերպություններ կոչով դիմել էին միջազգային կառույցներին: Կոչը ստորագրած կազմակերպությունների շարքում կար «ԲՀՀ-Հայաստանը», ինչպես նաև այդ շարքում էին մեծամասամբ այն կազմակերպությունները, որոնք պարբերաբար դրամաշնորհներ էին ստացել և շարունակում են ստանալ Սորոսի հիմնադրամից, օրինակ, «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամլեայի Վանաձորի գրասենյակ» և այլն: Մինչև այսօր էլ վերը նշված կազմակերպությունները պաշտպանում են «Սասնա Ծռերի» ահաբեկչական գործողությունը:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` կարող ենք փաստել, որ Լարիսա Մինասյանը այստեղ ևս մանիպուլացնում է. հիմնադրամը չի ֆինանսավորում, սակայն բացահայտ աջակցում է «Սասնա Ծռերին»:

Լարիսա Մինասյանը հերքում է, որ «Հիմնադրամը աջակցում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը»

Ասուլիսի ընթացքում Լարիսա Մինասյանը հերքում է այն փաստը, որ հիմնադրամը մասնակցում է ՀԱԵ դեմ հակաքարոզչությանը: Սակայն փաստերը այլ իրականություն են ներկայացնում:

Ասուլիսին հնչած մեղադրանքներին պատասխանել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանը: Նա մասնավորապես նշել է. «Առավել քան դատապարտելի է հիշյալ հիմնադրամի որդեգրած մոտեցումը՝ Արմավիրի թեմի միջոցով անապահով 130 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված բարեգործությամբ հերքել փաստը այն ժխտողական վերաբերմունքի, որ հիմնադրամը և վերջինիս աջակցությամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով ուղղակի և անուղղակի դրսևորել են Հայոց Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքում նրա դերակատարության հանդեպ։

Հեռուն չգնալով միայն հիշեցնեմ․ի՞նչ էր վերջերս՝ 2019թ․դեկտեմբերի 18-ին, Երևանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությամբ կազմակերպված «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ» հանրային քննարկումը, եթե ոչ՝ նաև մի մասով հակաքարոզչություն և ատելության սերմանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյոք հրավիրված էին այդտեղ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակություն ներկայացնող բազում այլ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կիսում հիմնադրամի հովանավորյալ շատ և շատ տեսակետներ։ Անշուշտ ո՛չ, որովհետև այլապես չէին կարողանա օրեր անց Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից հնչեցնել խնդրահարույց գնահատականներով և դիտարկումներով իրենց զեկույցը՝ ըստ նշյալ քննարկման ժամանակ շրջանառության մեջ դրված փաստաթուղթ-առաջարկի, որի մեջ, օրինակ, նշված է․

«Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միջամտող կեցվածքի պատճառով։ ․․․Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ նաև չարաշահում է իր դիրքը՝ միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» և կամ առաջարկությունների մեջ տեղ գտած հետևյալ ցուցումները, որոնք պարունակում են Հայ Եկեղեցու նկատմամբ անհիմն մեղադրանքներ՝ «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը․․․հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գերիշխող դիրքի ․․․մասերով», «արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին» և այլն։»

Դեռևս 2013  թվականին ներկայիս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի հիմնադրամի օժանդակությամբ հեղինակել է «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» (հղումը), «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ. Ավանդույթի ու արդիականացման արանքում» (հղումը) աշխատությունները: Մեկ այլ կառույցի օժանդակությամբ Հովհաննիսյանը հեղինակել է նաև «Կրոնի ազատություն և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները և երիտասարդները» աշխատանքը:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ այս դեպքում Լարիսա Մինասյանի պնդումը սխալ և մանիպուլացնող է:

Կարող ենք փաստել, որ իր ասուլիսի ընթացքում Լարիսա Մինասյանի կողմից արված հայտարարությունները պարունակում են ստեր և մանիպուլյացիաներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն համոզմունքը, որ «ԲՀՀ-Հայաստանը» մեր երկրում ծավալում է ոչ միանշանակ գործունեություն:

antifake.am