Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին
Advertisement 1000 x 90

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան։ Տեղեկությունը պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց Ոստիկանության 6-րդ վարչության մուտքի մոտ հավաքված լրագրողներին։

«15 րոպե ինձ սպասեցնում է հերթապահ ծառայությունը։ Այս պահին պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ պետը տեղում չէ, չեն կարողանում անցագիր իջեցնել»,– ասաց նա` հավելելով, որ սա առաջին դեպքը չէ։

Փաստաբանն այս պատճառաբանության վրա հրավիրեց ոստիկանության ղեկավարների ուշադրությունն ու առաջարկեց գործողություններ ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ պետերը տեղում են լինում։

Ամրամ Մակինյանը մամուլից է տեղեկացել, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը որևէ առնչություն չունի ՀՖՖ–ում առերևույթ չարաշահումների առիթով հարուցված քրեական գործի հետ։

«Պարոն Հայրապետյանը ինձ չկարողացավ պատճառաբանել, որովհետև իրեն էլ չէին պատճառաբանել, թե ինչու է բերման ենթարկվում։ Մենք այս պահին չգիտենք»,– ասաց Մակինյանը։

Փաստաբանը խոստացավ տեղեկություններ ստանալուց հետո այդ մասին հայտնել 6-րդ վարչության մոտ հավաքված լրագրողներին։

armeniasputnik.am