Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները՝ տեղեկացնելով, որ դրանց արդյունքում սահմանից լինում են հոսպիտալացումներ։ Չինաստանից Հայաստան ժամանած հայերի թվում եղել են այնպիսիք, որ ունեցել են ջերմություն։ Նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։
«Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։ Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։ Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։ Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։
Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»,- նշված է ԱԱՏՄ հաղորդագրության մեջ:
Փետրվարի 7-ի տվյալով՝ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել:
Փետրվարի 5-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ հունվարի 27-ից Չինաստանից Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ այդ օրը կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Նախարարությունը վերջին օրերին այս տվյալները դեռևս չի թարմացրել:
Փոխարենը փետրվարի 7-ին նախարարությունը, առանց թվային տվյալներ հրապարակելու, հիշեցնում է. «Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական: Կրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը»: