Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը.
«Մեր երկրում համատարած են դարձել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումները: Գործերի քննությունը ձգձգվում է ամիսներով ու անգամ տարիներով: Դատարանի անդրադարձը պահանջող հարցերը նույնպես ձգձգվում են և մարդու համար առաջացնում են խնդիրներ: Դա գլխավորապես արդարացվում է դատարանների ծանրաբեռնվածությամբ: Սա անընդունելի արդարացում է:
Մարդու իրավունքների պաշտանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը:
Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը և վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և հետևաբար նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը:
Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները»,- ասված է հայտարարության մեջ: