Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որտեղ գրված է՝ մի գողացիր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որտեղ գրված է՝ մի գողացիր. armeniasputnik.am

Եկեք անկեղծ լինենք։ Լավ գիրքն այդ գրքի հեղինակի նվերն է ողջ մարդկությանը։ Սա ես չեմ ասել։ Այդ միտքը դեռ 18-րդ դարում արտահայտել է Եվրոպայի առաջին լրագրողներից մեկը՝ անգլիացի Ջոզեֆ Ադիսոնը։

Համաձայնեք՝  հիմա առանձնապես հրատապ է այդ պնդումը, քանզի վաղը գիրք նվիրելու օրն է։ Ցավոք, գրքերի հետ կապված  ամենատարածված պրոբլեմն այն է, որ ամենից հաճախ դրանք ոչ թե նվիրում են, այլ վերցնում են ու չեն վերադարձնում։  Ժամանակին Անատոլ Ֆրանսն է զգուշացրել՝ «Ուրիշներին մի տվեք ձեր գրքերը, այլապես դրանց երեսն այլևս երբեք չեք տեսնի»։ Ու ավելացրել է. «Իմ գրադարանում մնացել են միայն այն գրքերը, որոնք ես ուրիշներից եմ վերցրել»։

Դե նրանք, ովքեր գիրքը վերցնում են ու չեն վերադարձնում, ղեկավարվում են հայտնի պնդումով. «Գրքի և ցոգոլի գողը գող չէ»։ Խոստովանեմ, ցոգոլ ես էլ եմ գողացել՝ Քանաքեռի այգիներից, բայց գրքի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է։ Կա հատուկ տերմին՝ բիբլիոկլեպտոման. խոսքն այն մարդու մասին է, որը շարունակ գրադարաններից գիրք է գողանում։ Ամենահայտնի բիբլիոկլեպտոմանը՝ ամերիկացի Սթիվեն Բլումբերգն է, որը 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Կանադայի համալսարանական գրադարաններից գողացել է ավելի քան 20 հազար հազվագյուտ գիրք և 11 հազար հին ձեռագիր։ Դրանց արժեքը գնահատվել է 20 միլիոն դոլար։ Բայց հանուն ճշմարտության ասեմ, որ այդ մարդն իր գողացած գրքերից որևէ մեկը երբեք չի վաճառել, պահել է իր մոտ, անընդհատ վերընթերցել է։ Ճիշտ է, վերջում ստիպված էր օգտվել բանտային գրադարանից։

Ճիշտը՝ գնելն է։ Ասում եք՝ թանկ է։ Իսկ դուք գոնե տեղյակ եք, թե ինչ գնով է ծնվում  ստեղծագործությունը։ Միայն մի դեպք պատմեմ։ Ուղիղ 55 տարի առաջ՝ 1965 թվականի ձմռանը, Գաբրիել Գարսիա Մարկեսն իր մեքենայով ընտանիքին տանում էր արձակուրդի։ Արդեն գրեթե հասել էին Ակապուլկո, երբ գրողը կտրուկ շրջադարձ կատարեց և վերադարձավ տուն։ Հետո պատմում էր. «Չգիտեմ, թե ինչ կատարվեց՝ հանկարծ միանգամայն հստակ պատկերացրեցի, թե ինչպես եմ գրելու գիրքս։ Այնքան հստակ, որ այդ պահին կարող էի անմիջապես սկսել թելադրել մեքենագրուհուն»։

Գրողը փակվեց իր սենյակում և սկսեց գրել։ Ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն, միայն գրում էր ու անընդհատ ծխում՝ մեկը մյուսի հետևից։ Գրեթե երկու տարի շարունակ նրա ընտանիքն ապրեց աղքատության մեջ, ապրուստի միջոց չունեին, միայն հարազատներն էին օգնում՝ ով ինչով կարող էր։ Մարկեսը սենյակից դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ մեքենագրել էր 1300 էջ։ Այդպես ծնվեց «Հարյուր տարվա մենությունը»։

Հայաստանցի գրողներն ու հրատարակիչները սիրում են դժգոհել՝ մարդիկ այլևս գիրք չեն կարդում։ Կներեք էլի, այդ ձեր բողոքը բոլորովին նոր չէ։ Դեռ Օսկար Ուայլդն էր ժամանակին ասում. «Առաջ գրքերը գրում էին գրողները, իսկ ընթերցողները դրանք կարդում էին։ Հիմա գրքերը ընթերցողներն են գրում և դրանք ոչ ոք չի կարդում»։  Համաձայնեք՝ կարծես մեր իրականության մասին ասված լինի՝ ով ասես հիմա գիրք է գրում։  Դարձել ենք Իսլանդիա։ Այդ երկրում ապրում է ընդամենը 300 հազար մարդ, չեք հավատա, բայց ամեն տասներորդ բնակիչը գիրք ունի հրատարակած։

Ի դեպ, մի ժամանակ Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունն է հրապարակավ հայտարարել. «Պետք չէ շատ գիրք կարդալ»։ Եվ ինչ՝ աշխարհում ամենակարդացվող գիրքն այժմ Աստվածաշունչն է, երկրորդ տեղում է… այո, այո՝ Մաո Ցզեդունի ասույթների ժողովածուն, այնինչ այդ ասածների թվում է  գիրք չկարդալու հորդորը։ Իսկ ինչու եք զարմանում։ Գրախանութներից ամենից հաճախ գողանում են հենց Աստվածաշունչը, որտեղ գրված է՝ մի գողացիր։

Թույլ տվեք վերջում մի մեջբերում այն հրաշալի գրքից, որը գրքերի մասին է։ Այո, խոսքը Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ստեղծագործության մասին է. «Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի՝ զավակ կամ գիրք, նկար կամ տուն, կամ թեկուզ աղյուսաշեն մի պատ, իր կարած մի զույգ կոշիկ, իր ձեռքով տնկած այգի։ Ինչ-որ բան, որին երբևէ դիպել է ձեռքդ և որտեղ հոգիդ ապաստան կգտնի քո մահից հետո։ Երբ մարդիկ կնայեն քո աճեցրած ծառին կամ ծաղկին, այդ պահին դու ողջ կլինես նրանց մեջ»։

armeniasputnik.am



Նման նյութեր