Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)` 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) փոխարեն:
Դատարանը բավարարել է Աբրահամյանի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):