Ֆինանսական փուչի՞կ, թե փողի էվոլյուցիայի նոր մակարդակ. investmagazine.am
Advertisement 1000 x 90

Ֆինանսական փուչի՞կ, թե փողի էվոլյուցիայի նոր մակարդակ. investmagazine.am

Աշխարհը տարված է կրիպտոարժույթի ամենատարբեր տեսակների ու դրսևորումների ձեռքբերմամբ ու վաճառքով: Ու սա չափազանցություն չէ: Կրիպտոարժույթով հետաքրքրվում են նույնիսկ մարդիկ, ովքեր բացարձակ չունեն ֆինանսական ոլորտի գիտելիքներ ու փորձ: Սակայն գայթակղիչ ու խոստումնալից են տեսնում դրա ապագան: Ինչու՞ և ի՞նչ հիմքերով: Պարզաբանում է տնտեսագիտության թեկնածու, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը:

Պարոն Բեջանյանի՞նչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը։

-Եթե փորձենք հնարավորինս կարճ, ապա մինչև այժմ ինձ հանդիպած առավել համապարփակ սահմանում հանդիպել է Վիքիպեդիա հանրագիտարանում, այն մոտավորապես ունի հետևյալ բովանդակությունը՝ Կրիպտոարժույթը թվային ակտիվ է, որը օնլայն հարթակում կատարում է փողի ֆունկցիան, հանդես է գալիս որպես փոխանակման և վճարման միջոց: ժամանակի ընթացքում տնտեսագետների կողմից տրվել են բազմաթիվ սահմանումներ, որոնք ընդհանուր առմամբ արտացոլում են նույն գաղափարը։ Մի շարք տնտեսագետներ էլ առավել քան բացասական կարծիք են հայտնում կրիպտոարժույթների վերաբերյալ։ Օրինակ նոբելյան մրցանակակիր  Ռոբերտ Շիլլերը առավել հայտնի կրիպտոարժույթ Բիթքոինը համարում է  ֆինանսական փուչիկի լավագույն օրինակը։

Ընդհանուր առմամբ, իրենց տրամաբանությամբ կրիպտոարժույթները սովորական ակտիվներ են, որոնց գինը տատանվում է կախված սպեկուլյատիվ պահանջարկից։

Որքանո՞վ է այն Հայաստանում տարածված ու կիրառելի բիզնես։

-Առհասարակ, կրիպտոարժույթը որպես բիզնես դիտարկելը  կարծում եմ չունի մեծ հեռանկար։ Ճիշտ է, բովանդակությամբ այն հանդիսանում է առևտրային գործունեություն, և երբեմն կարող է նաև լուրջ  եկամուտների աղբյուր հանդիսանալ, սակայն ընդհանուր առմամբ այն ընդամենը միջոց է ֆինանսական գործարքների իրականացման համար, և խոշոր ‹‹խաղադրույք›› կատարել, նպատակ ունենալով այս ուղղության վրա տնտեսություն զարգացնել, ոլորտային բիզնես մոդել գեներացնել, կարծում եմ մեծ ապագա չի ունենա։ Խոսելով Հայաստանում տարածվածության մասին՝ պետք է նշենք որ կիրառելիության մակարդակը որպես այդպիսին բացակայում է, բացակայում է նաև դրա կիրառությունը կարգավորող օրենսդրական սահմանումները, իսկ կրիպտոարժույթների կիրառությունը մեր երկրում առավելապես տեսանելի է սպասարկման մակարդակում։ Տարբեր անհատներ կամ կազմակերպություններ համակարգչային տեխնիկայի միջոցով մաս են կազմում համաշխարհային ցանցի, այդպիսով ապահովելով կրիպտոարժույթի թողարկման և շրջանառության անխափան գործընթացը։ Իհարկե այդ ծառայության դիմաց վարձատրվում են, եբեմն՝ նաև բավականին բարձր։ Սակայն այդ վարձատրությունը իր հերթին դարձյալ լինում է կրիպտոարժույթով, որի փոխարժեքը հաճախ տատանվում է, և դա ազդում է եկամտի իրական արժեքի վրա։

Համաշխարհային զարգացումները ու՞ր են տանում կրիպտոարժույթների ապագան, Հայաստանն ինչքանո՞վ է համահունչ այս ամենին։

-Իրականում Ձեր այս հարցը հանդիսանում է ոլորտի մասնագետների դիսկուրսի հիմնական թեման, որը սահմանափակվում է երկու եզրագծային մոտեցումներով։ Առաջին եզրագծի կողմակիցները պնդում են, որ կրիպտոարժույթները չունեն որևէ ապագա, հանդիսանում են ‹‹ֆինանսական փուչիկ››, որովհետև չունեն որևէ կարգավորում և ապահովվածություն։ Ըստ այս տեսության կողմնակիցների, այն արհեստականորեն ստեղծված և փչված ‹‹փուչիկ›› է, որը մի օր պայթելու է, իսկ գաղափարն էլ անցնելու է պատմության գիրկը։

Մասնագետների մյուս խումբը պնդում է, որ կրիպտորժույթները դրամավարկային հարաբերությունների ապագան են՝ փողի էվոլուցիայի հերթական մակարդակը, և վաղ թե ուշ մարդկությունը անցում է կատարելու այս մակարդակին։ Բազմաթիվ են նաև այլ տեսակետները որոնք տեխաբաշխված են այս երկու սահմանագծերի միջակայքում։ Ինքս, որպես  տնտեսագետ, կողմնակից եմ առավել միջանկայալ սահմանումներին, այն է՝ թեև այս ձևաչափով կրիպտոարժույթները առավելապես իրենցից ներկայացնում են ֆինանսական փուչիկ, սակայն ընդհանուր նույն տրամաբանությամբ սակայն բոլորիվին այլ առավել կատարելագործված ձևաչափով կարող են հանդիսանալ արժութադրամական հարաբերությունների հաջորդ մակարդակը, որին մենք անցում կկատարենք ոչ հեռու ապագայում՝ հատկապես հաշվի առնելով կանխիկից դեպի անկանխիկ գործարքների անցման ժամանակակից զարգացումները։  Հաջորդ սերնդի կրիպտոարժույթները իմ պատկերացմամբ արդեն կլինեն որոշակիորեն ապահովագրված և երաշխավորված, ինչը դրանց փոխարժեքին կհաղորդի կայունություն և հուսալիություն։ Ֆինանսիստներիս համար, որպեսզի ինչ-որ գործիք կամ միջոց, ֆինանսական շուկայում հաջողություն ունենա, այն պետք է լինի կայուն, և կանխատեսելի,   հակառակ դեպքում կունենանք 2017 թվականի կրկնությունը, երբ Բիթքոյնի արժեքը հաշված րոպեներում հսկայական անկում ապրեց՝ արդյունքում ոմանց դարձնելով միլիարդատեր, մյուսներին զրկելով այդ միլիարդներից։ Նշեմ նաև, որ այպիսի փորձեր ևս արդեն իսկ եղել են, օրինակ Չինաստանը 2017-ին թողարկել է պետական կրիպտոարժույթ, Վենեսուելան 2018-ին կրիպտոարժույթի թողարկման միջոցով ֆինանսավորել է բյուջեի դեֆիցիտը և այլն։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պետք է նշեմ որ մեզ մոտ դեռևս կրիպտորաժույթների թեման կլորսեղան քննարկումների մակարդակում է։ Չկա որևէ համակարգային մոտեցում այս հարցին, թեև պետք է նշենք որ մասնավորի կողմից բազմաթիվ նախադեպային գործընթացներ կան, առավել վառ օրինակը վերջերս Հայաստանում գործարկված ամենամեծ մայնինգ ֆերման է։

-Որո՞նք են նշանակալի կրիպտոարժույթները:

-Իրականում կրիպտոարժույթները շատ են ու ամեն օր ծնվում է նորը՝ նոր հնարավորություններով, նոր անուններով և նոր արժեքներով: Դրանց քանակի և տեսակների մասին կարելի է անվերջ խոսել: Եթե փորձենք առաձնացնել առավել նշանակալիները, ապա առաջին տեղում, միանշանակ, Բիթքոինն է: Նրա էությունն այն է, որ արժույթի թողարկումը տեղի է ունենում միլիոնավոր մայներների շնորհիվ, այսպես կողված ‹‹Բլոկ-չեյն›› ցանցի միջոցով,   որը հաճախ համարվում է 21-րդ դարի կարևորագույն հայտնագործություններից մեկը, մասնակիցների միջև իրականացված գործարքների կամ այլ թվայնացված հարաբերությունների ամբողջական գրանցումների բաշխված գրանցամատյան է։

Կրիպտոարժույթների ցանկում հայտնիությամբ երկրորդ տեղը զբաղեցնում   Ethereum-ը: Այս կրիպտոարժույթի հիմնական գաղափարն արժույթի ապակենտրոնացումն է, իսկ առավելությունն այն է, որ փոխանցումներն ավելի արագ են կատարվում:

Ripple կրիպտոարժույթը թեև ավելի քիչ հայտնի է, սակայն իր տրամաբանությամբ առանձնանում է մյուսներից։   Նրա հիմնական գործառույթը բանկային գործունեությունների միջև փոխանցումների արագությունը բարձրացնելն է: Այսպիսի գործարքների շնորհիվ բանկերը կարող են մի քանի միլիոն խնայել:

Ինչպես նշեցի սկզբում, այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել, քանի որ  ությամբ պայմանավորված դրանք բավականին արագ ու լայն տարածում են գտել, իսկ առավել մեծ տարածում դրանք ստացել են  օնլայն առևտրի հարթակներում։ Պատկերացրեք ինքներդ, կրիպտոարժույթի միջոցեվ օնլայն առևտրի հարթակում դուք վայրկենական անում եք գործարքներ, և դրա համար որևէ հարկ, լրացուցիչ վճար, բանկային սպասարկման վճար չեք կատարում, իհարկե, գնորդի և վաճառողի համար սա առավել նախընտրելի տարբերակ է։ Իհարկե, այն զերծ չէ նաև ռիսկերից, որը նախ և առաջ  պայմանավորված է կրիպտոարժույթի անկայունությամբ, որի պատճառով առաջացող կորուստները    կարող են այնքան մեծ լինել, որ չփոխհատուցեն այդ ռիսկի համար իսկզբանե հաշվարկված պարգևավճարը` Risk premium-ը։ Սակայն շատ անհատների կրիպտոարժույթը գրավում է հենց այս ռիսկայնության շնորհիվ, քանի որ այդ տատանումները նրանց համար սպեկուլյացիաների միջոցով եկամուտներ ստանալու հնարավորություն են ստեղծում։

-Անհատի կրիպտոարժույթով ոգևորությունը որքանո՞վ է ռիսկային ու ի՞նչ խնդիրներ ունի։

-Եթե մի կողմ դնենք սպեկուլյացիաների միջոցով գումար աշխատողներին, ապա ոգևորության հիմնական պատճառը ինչպես արդեն նշեցի հեշտ և ազատ կիրառելությունն է։ Մեկ անգամ քո գումարը փոխարկում ես կրիպտոարժույթի և այնուհետև ազատ օգտվում  համացանցի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Եթե սովորական գումարի դեպքում պետք է առընչվես բանկային համակարգին, որոշակի հարկային պարտավորություններ կատարես և այլն, ապա կրիպտոարժույթը ազատում է քեզ այդ բոլոր գլխացավանքներից։ Ընդամենը մկնիկի մեկ կոճակ ու բանկային համակարգի դեպքում օրեր տևող գործարքը վայրկենական կիրականացվի առանց ավելորդ սպասումների։ Իհարկե, ‹‹կրիպտոարժույթի մետաղադրամը›› ունի նաև հակառակ կողմը, որը էական ռիսկեր է պարունակում։  Մասնավորապես այդ պարզությունը նաև ֆինանսական զեղծարարությունների ռիսկեր է պարունակում, պետության կողմից այս ոլորտի վերահսկողության բացակայությունը հնարավորություն է տալիս այն կիրառել փողերի լվացման, և այլ մութ գործարքների ժամանակ։ Այս ամենին ավելանում է այն անկայունությունը, որի մասին արդեն խոսեցինք։

Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ ինչպես ցանկացած համակարգ կամ գործիք, կրիպտոարժույթներն էլ ունեն իրենց թե դրկան կկողմերը, և միաժամանակ պարունակում են նաև զգալի ռիսկեր։ Հետևաբար ապագայում, այս արժույթի ապագան կառուցելու ճանապարհին զարգացող աշխարհը պետք է գտնի  այն օպտիմալ լուծումը, որը կնվազեցնի ռիսկերը և մարդության համար ազատ ֆինանսական գործողությունների իրականացման նոր հնարավորություններ կստեղծի։

Հարցազրույցը՝ Թամարա Դավթյանի 

investmagazine.am



Նման նյութեր