Հայաստանում առցանց տաքսիների համար նոր օրենք կընդունվի
Advertisement 1000 x 90

Հայաստանում առցանց տաքսիների համար նոր օրենք կընդունվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում հայտնեց, որ կառավարությունը փորձում է օրենքով կարգավորել Հայաստանում առցանց տաքսիների գործունեությունը։

«Մենք օրենքի նախագիծ ենք մշակել, ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմ։ Մոտակա օրերին բարձր մակարդակի հանդիպում կնշանակվի։ Մենք քննարկելու ենք այդ հարցը։ Քննարկելու ենք նաև առցանց հարթակներում աշխատող տաքսի ծառայությունների կամ միջնորդների (ինչպես իրենք են իրենց ներկայացնում) հարցը»,– ասաց փոխնախարարը։

Սիմոնյանը խոստացավ, որ քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը։

Թե ինչ կարգավորում է ենթադրում նոր օրենքի նախագիծը, պաշտոնյան չմանրամասնեց, բայց շեշտեց, որ դրանով կարգավորվել է նաև 6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնողների հարցը։

Թեմայի շուրջ Սիմոնյանը խոսեց ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

Քննարկմանը մասնակցող առցանց տաքսի ծառայություններից մեկի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, թե այդ տաքսիների շնորհիվ այդ ոլորտում առողջ մրցակցություն ու գնային քաղաքականություն է ձևավորվել Հայաստանում։

Փոխարենը նա փոխնախարարին փոխանցեց տաքսու վարորդների` բալային համակարգի շուրջ մտահոգությունն ու հարցրեց. «Հնարավո՞ր է, որ տաքսու վարորդների համար բալային համակարգի ավելի մեղմ տարբերակ մշակվի»։

Սիմոնյանը բացառեց նման մոտեցումը։

«Կարծում եմ, որ տաքսու վարորդը երկու, ավելի ճիշտ 5 անգամ ավելի զգոն պետք է լինի, քանի որ նա ուղևոր է տեղափոխում։ Ես նման հիմք չեմ տեսնում»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։

Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` սեպտեմբերի 1-ից։

armeniasputnik.am