Հանրային դաշտում հարցը բարձրացվում է, հերքում են, մեկ ժամ հետո դա անում են. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հանրային դաշտում հարցը բարձրացվում է, հերքում են, մեկ ժամ հետո դա անում են. hraparak.am

Մինչ աշխարհում, և արդեն նաև Հայաստանում մոլեգնում է Կորոնավիրուսը, Հայաստանում դեֆիցիտ է դարձել վիրուսից  պաշտպանության առաջնային պարագաներից մեկը՝ բժշկական դիմակները։ Դեղատներում ամենուրեք փակցված են «դիմակ չկա» գրությամբ պաստառները, իսկ հանրապետությունում եղած դիմակներն էլ վաճառվում են սև շուկայում աստղաբաշխական գներով։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը այսօր ասուլիսում նշել է, որ դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ բոլորը մեծ խմբաքանակով գնում են նույն ապրանքատեսակը, և եթե Հայաստանը դիմակներ ներկրի, ապա դրանք կլինեն ավելի թանկ։ Արդյունքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հայաստանյան դեղագործական ընկերությունները չունեն դիմակի արտադրություն։ Այս հարցով մենք զանգահարեցինք մի քանի դեղագործական ընկերություններ։

«Ալկոն» ընկերությունից մեզ փոխանցեցին, որ իրենք դիմակների հետ որևէ կապ չունեն և չեն զբաղվում դիմակների արտադրությամբ։ « Էսկո Ֆարմ» դեղագործական ընկերությունից ևս ասացին, որ իրենք չեն զբաղվում դիմակների արտադրությամբ։ Հարցրինք, թե ի՞նչն է պատճառը, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ դրա համար նոր հոսքագծեր են պետք, նաև լիցենզիա է անհրաժեշտ, այսինքն՝ դիմակների արտադրությունը ենթադրում է զրոյից նոր արտադրության տեսակի հիմնում։ Գրանցված դեղագործական ընկերություններից մյուսի՝ «Ֆերդե-ֆարմի» ներկայացուցիչն էլ ասաց, որ իրենք մասնագիտացված են բնական ծագման կոսմետիկայի արտադրության ոլորտում։

Թեմայի առնչությամբ մենք զրուցեցինք  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Պիպոյանի կարծիքով՝ պատճառը բիզնեսի շահավետությունն է․

«Թե ինչո՞ւ չկա դիմակների արտադրություն, շատ բարդ հարց է, որովհետև բիզնեսն իրականացնում է իր հաշվարկները, թե որ հոսքագծերն են տնտեսապես առավել արդյունավետ,և չի բացառվում, որ այն արտադրական ծավալները, որոնք Հայաստանի համար անհրաժեշտ են, այդ ծավալի հոսքագծերով կկազմի բարձր ինքնարժեք։ Պայմանականորեն ասեմ․ ենթադրենք Հայաստանը ունի 3 մլն բնակչություն, հետևաբար ամենաշատը պայմանական թվերով 10 միլիոնի իրացում լինի, և, օրինակ, պարզվի, որ 18 միլիոն հատ արտադրողականությամբ հոսքագծերում բարձր ինքնարժեք ենք ստանում։ Եթե մենք ունենք դիմակի արտադրություն, ինքնարժեքը կլինի այնքան բարձր, որ ինչ-որ կրիզիսային վիճակում չլինի»- ասաց Պիպոյանը՝ հավելելով․

«Այլ հարց է, որ պետությունը պետք է կարողանա հասկանալ, թե այդ խնդիրը ինչպես պետք է լուծել։ Այսինքն՝ արդյոք պե՞տք է անպայման արտադրություն ունենանք, թե՞ ոչ։ Երբ ես ասում էի, որ պետք է շուտ մտածել , հենց սրա համար էի ասում, որովհետև առողջապահությունը որպես համակարգ, պետք է դա կանխատեսեր։ Դու ինչքան ուզում ես, վեր կաց և ասա, որ դրանք ավելի շատ պետք են չվարակվածին կամ, որ բաց օդին դիմակ պետք չէ կրել, մարդ եթե ուզում է դա դնել և հոգեբանորեն իրեն ավելի պաշտպանված է զգում, ինքը քո հորդորը չի լսելու, իրեն պետք է դիմակ։ Երբ դու իրեն այդ դիմակը տաս, կարող է և չկրի, բայց քանի դեռ ինքը այդ դիմակը չունի, մտածում է դիմակը չկա, դրա համար են այդ ամենն ասում։ Այսինքն՝ պետք էր նախապես կանխագուշակել, որ անհնար է այդ վիրուսի՝ Հայաստան չգալը, մենք պետք է ի սկզբանե ունենայինք ծավալներ, ներմուծողների հետ խոսեինք, գնի նկատմամաբ ՏՄՊՊՀ-ն հսկողություն իրականացներ։ Մենք ամեն ինչը թողնում ենք վերջին րոպեներին, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք»։

Այսինքն՝ ներկրմամաբ նույնպե՞ս հնարավոր էր հարցը լուծել՝ հարցրինք Պիպոյանին․

«Իհարկե։ Մենք հասկանում էինք, որ կան խոշոր խաղացողներ այդ ոլորտում։ Այդ խոշոր խաղացողների հետ ճշտում էր արվում, թե ինչ ծավալների մասին է խոսքը, և վերջին օրերին ինչպիսին է վաճառքի դինամիկան, պետք էր հասկանալ, թե որքան է լինելու դեֆիցիտը և այդ ծավալը բերել։ Էն ժամանակ եթե 30 դրամ էր, հիմա չի բացառվում, որ այդ գնով չկարողանաս ուրիշ երկրից էլ գնել։ Եթե գնեցին 55 դրամով, ասում ես՝ քեզ 15 տոկոս մարժա, վաճառքդ չգերազանցի, օրինակ, 70 դրամը»։

Հայաստանը վերջերս Չինաստան էր ուղարկել դիմակների խմբաքանակ՝ որպես մարդասիրական օգնություն։ Այդ քայլը վերջին դեպքերի ֆոնին քննադատվեց սոցցանցերում։ Պիպոյանին հարցրինք, թե որքանո՞վ էր այդ քայլը արդարացված, և արդյոք դա ևս նպաստել է դեֆիցիտին․

«Մարդասիրական քայլերը պետք է անել ու պետք է անել տրամբանված։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ չգիտեմ՝ ինչ ծավալներ է ուղարկվել, այնտեղ կար դրա անհրաժեշտությունը, եթե պետությունը դա կարողանում էր անել, ապա պետք է աներ։ Այստեղ ՏՄՊՊՀ-ն պետք է գործ անի, առողջապահության նախարարությունը վեջին շաբաթում ոչ թե պետք է անընդհատ պոստեր գրեր, այլ․․․։ Շատ հետաքրքիր դինամիկա է նկատվում․ հանրային դաշտում հարցը բարձրացվում է, հերքում են, մեկ ժամ հետո անում են․ «ազգ-էպիդեմիոլոգից» դառնում ենք «չազգ էպիդեմիոլոգ», բայց հաջորդ օրը անում են այն, ինչ «ազգ-էպիդեմիոլոգը» ասում էր։ Առավոտյան ասում են՝ դպրոց փակելու կարիք չկա, օրվա երկրորդ կեսին փակում են։ Ընդամենը պետք է ամեն ինչը ոչ թե ծաղրի վերածել, այլ հասկանալ, որ սա մի վիրուս է, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, բոլորով։ Այս վիրուսը ո՛չ մաշկի գույն է ճանաչում, ո՛չ կուսակցական պատկանելություն, ոչ մի բան չի ճանաչում, պետք է ազգովի պայքարենք՝ մեկս մյուսին լսելով։ Պաշտոնական լրահոսին անպայման պետք է հետևենք, բայց երբ պաշտոնական լրահոսի հետ զուգորդվում են անիմաստ կատակները, բնականաբար պետք է այդ կատակները մերժենք»,- ասաց Պիպոյանը։

hraparak.am



Նման նյութեր