Կորոնավիրուսը որպես կատարյալ պատրվակ. epress.am
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը որպես կատարյալ պատրվակ. epress.am

Իտալացի փիլիսոփա Ջիորջիո Ագամբենի հոդվածի թարգմանությունը։ Հոդվածը հրապարակվել է փետրվարի 26-ին  օրաթերթում։

Իտալիայում կորոնավիրուսի ենթադրյալ համաճարակի դեմ ձեռնարկված անբնական և բոլորովին անհիմն արտակարգ միջոցները հասկանալու համար՝ սկսենք Իտալական հետազոտությունների ազգային խորհրդի հայտարարությունից, համաձայն որի՝ «Իտալիայում  SARS-CoV2 համաճարակ չկա»։

Հայտարարությունում ասվում է․ «Հազարավոր դեպքերի ուսումնասիրության հիման վրա հավաքված տվյալների համաձայն, այս վարակը 80-90 տոկոս դեպքերում հարուցում է թեթև/միջին ծանրության ախտանիշներ (գրիպի տարատեսակ)։ 10-15 տոկոս դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի, մեծամասամբ՝ ոչ ծանր հետևանքներով։ Ըստ մեր կանխատեսումների, հիվանդների ընդհամենը 4 տոկոսն ունի ինտենսիվ բուժման կարիք»։

Եթե իրավիճակն այսպիսին է, ինչո՞ւ են մեդիան և իշխանություններն անում հնարավոր ամեն բան՝ խուճապի մթնոլորտ ստեղծելու, և այդպիսով արտակարգ դրություն (state of exception) հրահրելու համար՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը և կաթվածահարելով մի ամբողջ շրջան(ներ)ի առօրյա կյանքն ու աշխատանքային գործունեությունը։

Երկու գործոն, որ կարող են օգնել հասկանալ այս անհամաչափ արձագանքը․

առաջին հերթին, կրկին դրսևորվում է արտակարգ դրությունն իբրև կառավարման նորմալ հարացույց օգտագործելու միտումը։ «Հանուն հիգիենայի և հանրային անվտանգության» կառավարությունը գործադիր որոշմամբ իրական ռազմականացում է արտադրում «վարչական շրջաններում և տարածքներում, որոնցում գրանցվել է գոնե մեկ ախտորոշված հիվանդ, ում  վարակի աղբյուրը հայտնի չէ, կամ գոնե մեկ հաստատված դեպք, որը կապված չէ վարակակիր տարածքից ժամանած անձի հետ»։

Այս աղոտ ու անորոշ բանաձևը [կառավարությանը] թույլ կտա արտակարգ դրությունն արագորեն տարածել բոլոր շրջանների վրա, քանի որ գործնականում նման դեպքերը չտարածվել չեն կարող։

Դիտարկե՛նք գործադիր որոշմամբ պարտադրված ազատության էական սահմանափակումները.

1. Վարակակիր վարչական շրջանների և տարածքների բնակիչների՝ այդ վարչական շրջաններն ու տարածքները լքելու արգելք։
2. Վարակակիր վարչական շրջաններ և տարածքներ մուտք գործելու արգելք։
3. Բոլոր միջոցառումների և նախաձեռնությունների (կապ չունի՝ մշակութային, ստորտային, ժամանցային, թե կրոնական) առկախում։ Ցանկացած մասնավոր կամ հանրային վայրում, այդ թվում՝ ազատ մուտքով փակ տարածքներում նախատեսվող հանդիպումների առկախում։
4. Մանկապարտեզներում և դպրոցներում,  նաև՝ բարձրագույն կրթական հաստատություններում կրթական ծառայությունների առկախում, բացառությամբ՝ հեռակա ուսուցման։
5. Թանգարանների ու մշակութային այլ հաստատությունների գործունեության դադարեցում։
6. Իտալիայի ներսում և դեպի արտասահման կրթական այցերի առկախում։
7. Հանրայնորեն անցկացվող քննությունների և հանրային ծառայություններ մատուցող բոլոր հիմնարկների գործունեության առկախում, բացառությամբ՝ առաջին անհրաժեշտության հանային ծառայությունների։
8. Կարանտինի և ակտիվ վերահսկողության պարտադրանք հաստատված վարակակիր անձի հետ շփում ունեցած անձանց նկատմամբ։

Ակնհայտ է, որ սահմանափակումներն անհամաչափ են սպառնալիքին, որն, ըստ Հետազոտությունների ազգային խորհրդի, սովորական հարբուխ է և շատ չի տարբերվում նրանից, ինչով մենք վարակվում ենք ամեն տարի։

Կարող ենք ասել, որ պայմաններում, երբ ահաբեկչությունը՝ որպես բացառիկ միջոցների արդարացում, սպառել է իրեն, համաճարակի գյուտը կարող է կատարյալ պատրվակ դառնալ այդպիսի միջոցներն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:

Մյուս՝ ոչ պակաս մտահոգիչ հանգամանքը վախի դրությունն է, որը վերջին տարիներին ներթափանցել է անհատական գիտակցություն և վերածվում է կոլեկտիվ խուճապի դրության իրական կարիքի, որի համար համաճարակը, կրկին, կատարյալ պատրվակ է դառնում:

Այս այլասերված արատավոր ցիկլի մեջ, կառավարությունների կողմից պարտադրված ազատության սահմանափակումն ընդունվում է իբրև անվտանգության իղձ, որը ստեղծվել է նույն կառավարությունների կողմից, որոնք այժմ միջամտում են՝ այդ իղձը բավարարելու համար:

epress.am



Նման նյութեր