Կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը, իրականության լուսաբանումը շատ ավելի է փրկում իրավիճակը. ինչպես են արտակարգ դրության ժամանակ այլ երկրներում աշխատում լրագրողները. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը, իրականության լուսաբանումը շատ ավելի է փրկում իրավիճակը. ինչպես են արտակարգ դրության ժամանակ այլ երկրներում աշխատում լրագրողները. tert.am

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արտակարգ դրության՝ կոչ անելով, որոշ դեպքերում պարտադրելով պետական, կոմերցիոն, կրթական հաստատություններին հնարավորության դեպքում անցնել հեռավար գործունեության:

Ամբողջ աշխարհում հեռավարին անցնելու առաջին քայլերն արեցին լրատվամիջոցները: Հայաստանն էլ այս հարցում բացառություն չէր:

Հայաստանում արտակարգ դրություն հաստատվելուն պես՝ ՀՀ կառավարությունը ներկայացրեց նաև լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող սահմանափակումներ, որոնք ըստ իշխանությունների՝ պետք է նպաստեին, որ երկրում բացառվի խուճապը:

Հայաստանում լրատվամիջոցներին վերաբերող կարգավորումները դժգոհություն առաջացրեցին ինչպես երկրի մեդիա փորձագետների, լրագրողների, այնպես էլ միջազգային կառույցների մոտ:

Tert.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են այլ երկրներում աշխատում լրագրողները, արդյո՞ք այնտեղ էլ կառավարությունները հասարակությանը մատուցվող տեղեկատվությունը ենթարկում են գրաքննության:

Ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաընկերության «Կապիտալ» տնտեսական հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Իանիթսկիյը՝ խոսելով իրենց երկրում հաստատված արտակարգ դրության մասին՝ պատմեց, որ ինքն ամեն ինչ անում է հեռակա կարգով, միայն շաբաթը մեկ պարտավոր է լինել նյուզրումում (աշխատասենյակ):

«Ավելի վաղ մենք հրավիրում էինք մեր հյուրերին մեծ տաղավար, բայց հիմա մենք օգտագործում ենք մեր փոքր սենյակը և հարցազրույցներ ենք անում Սքայփով կամ Վայբերով»,- նշեց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցի վարկանիշը դրանից չի ընկնում, պարզապես հեռուստատեսային պատկերն է դառնում անորակ:

Ուկրաինայում, ըստ Անդրեյ Իանիթսկիյի, լրագրողներին տեղեկատվության տարածման վերաբերյալ ոչ մի կարգավորում, սահմանափակում չկա:

«Դու կարող ես գրել ամեն ինչ, բայց ապատեղեկատվության համար կարող ես տուգանվել»,- ասաց նա:

Հայտնելով իր կարծիքը Հայաստանում եղած սահմանափակումների, եղած պատժաչափերի մասին՝ ուկրաինացի լրագրողը նշեց, որ գուցե փափուկ սահմանափակումներն օգնեն խուճապ առաջացնելուց և ապատեղեկատվություն տարածելուց խուսափելուն: «Բայց արդեն կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը»,- ասաց նա:

Վրաստանում, ըստ ազատ լրագրող Յանա Իսրայելյանի, պանդեմիան մոբիլիզացրել է հասարակության բոլոր շերտերին. բոլոր գլխավոր խաղացողները անսպասելիորեն ցույց տվեցին լավ օրինակ, այդ թվում և լրագրողները: Նրանց մոտ արտակարգ դրությունը սահմանված է մեկ ամսով՝ մինչև ապրիլի 21-ը:

«Հասարակությունը ստանում է ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է կատարվում համաճարակով քաղաքում: Լրագրողների համար ոչ մի սահմանափակում չկա»,- ասաց նա:

Յանա Իսրայելյանի խոսքով՝ պետական համակարգերը պարբերաբար ներկայացնում են մանրամասն տեղեկատվություն:

«Համաճարակի վերահսկման կենտրոնի ղեկավարը, գլխավոր ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը և այլ բժիշկներ ամեն օր հանդիպում են լրագրողների հետ և պատասխանում նրանց հարցերին: Բացի այդ՝ եթե լրագրողները ցանկանում են իրավիճակի մասին ավելին իմանալ, հրավիրում են մասնագետների իրենց հեռուստատեսային տաղավարներ և ուղիղ եթերով հարցազրույցներ անում կամ էքսկլուզիվ հարցազրույցներ անում օնլայն լրատվամիջոցների համար»,- ասաց նա:

Բացի պաշտոնական տեղեկատվությունից, ըստ Յանա Իսրայելյանի, Վրաստանում լրագրողները տվյալներ են օգտագործում բաց աղբյուրներից և սոցիալական ցանցերից:

«Բացի այդ՝ ԶԼՄ-ները մեկնաբանություններ են վերցնում օտարերկրյա փորձագետներից Եվրոպայից և ԱՄՆ-ից,- ասաց նա՝ նշելով, որ նման փոխադարձ  համագործակցությունը հասարակության բոլոր շերտերի միջև շատ ոգևորող է,- ժողովուրդը վստահ է, որ իրեն չեն խաբում, այլ ամեն ինչ արդար ձևով ներկայացնում են»:

Ամբողջությամբ՝ tert.am