Կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին
Advertisement 1000 x 90

Կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ կառավարության աջակցության ծրագրերը չեն վերաբերում չգրանցված աշխատողներին։

Կառավարության արտահերթ նիստումվարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործադիրը չունի գործիք՝ նրանց նույնականացնելու համար։ «Մենք ինչպե՞ս իմանանք. մարդն աշխատել է, բայց չի ֆիքսվել։ Եթե նույնիսկ որևէ մեկն ասի՝ ես աշխատել եմ, բայց չի ֆիքսվել իմ աշխատանքը, մենք ո՞նց համոզվենք այդ տեղեկատվության հավաստիության մեջ։ Քաղաքացիներն իրենք են շահառու, շատերին թվում է՝ կառավարության համար ենք ասում, որ պետք է աշխատատեղերը ֆիքսվեն։ Իհարկե, կառավարության համար էլ է դա կարևոր, բայց առաջին հերթին շահառուն քաղաքացին է, և քաղաքացին ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր աշխատանքն արձանագրվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ այս իրավիճակում կա հետևյալ տարբերակը՝ քաղաքացիները, ովքեր գրանցված չեն որպես աշխատող կամ որպես աշխատանք կորցրած, կարող են դիմել ՊԵԿ՝ ասելով, որ իրենք աշխատել են, և չի արձանագրվել իրենց աշխատանքը։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ դա ճիշտ է, գուցե հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ ու այդ քաղաքացիներին ներառել ծրագրում։

«Քանի որ վերջին 2 տարվա մեջ մոտ 87 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, մենք չգիտենք, թե դեռ ինչքան է մնացել ստվերում։ Սա լավ առիթ է, որ ՊԵԿ-ն այդ հարցով զբաղվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։