ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չէ, իրոք մի պահ պետք է ամեն ինչ ստոպ տանք ու հասկանանք, թե մենք ինչ ենք անում ու ինչ ենք ուզում: Մեկ օրվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով:
Հասկանում եք, չէ՞, միայն մեկ օրվա ընթացքում 332 անձ թքած ա ունեցել ինքնամեկուսացման, թքած ա ունեցել վիրուսի ու դրա տարածման վրա:
Իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ է կազմվել վարչական իրավախախտման արձանագրություն՝ նույն փաստերով:
Աշխարհում ամենահեշտ բանը ո՞րն է: Ճիշտա, արտակարգ իրավիճակներում սեփական անձի վրայից պատասխանատվությունը գցելը: Իսկ ամենահարմար տարբերակը ո՞րն է: Ճիշտա, այդ պատասխանատվությունը գցել պետության վրա:
Հիմա կոնկրետ դեպքում պետությունը ինչքան էլ աշխատի ու իրան ճղի, եթե փաստացի 2794 անձ թքած ունենալով դուրս է եկել տանից դա արդեն պետական մակարդակով ռիսկային քայլ է այդ անձանց կողմից: Հնարավոր է նրանց կես ժամ հետո են բռնել, հնարավոր է մի քանի ժամ հետո, հնարավոր է մի 2794 հոգու բախտ էլ բերել է ու չեն բռնվել: Բայց տվյալ իրավիճակում նման քայլերի գնալն ընդհանրապես անհասկանալի է:
Հույս ունեմ, որ ճիշտ կգնահատենք իրավիճակը ու պահանջներ ներկայացնելուն զուգահեռ նաև կփորձենք գոնե ինչ-որ կերպ օգնենք նույն այդ պետությանը: Իսկ կոնկրետ այս դեպքում պետությունը, հավատացեք, քիչ բան չի անում վիրուսի դեմ պայքարին ուղղված: Համոզվելու համար էլ պետք չի ինձ լսել, պարզապես զրուցեք ձեր ծանոթերից առաջին պատահածի հետ, ով բնակվում է արտասահմանում: Հա, հեռախոսով կզրուցեք, որ ապահով լինի»: