Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը». armeniasputnik.am

ՀՀ կառավարության առաջարկած օրինագիծը, ըստ որի վերահսկվում են քաղաքացիների հեռախոսային կոնտակտներն ու նրանց գտնվելու վայրը, մի շարք խնդիրների հետ է կապված: Որոշ հարցերի պատասխաններ դեռ չեն տվել նույնիսկ իշխանության ներկայացուցիչները։

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը, որը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում թույլ կտա օրինական ճանապարհով հետևել քաղաքացիներին բջջային հավելվածների օգնությամբ։ Մասնավորապես առաջարկվում է օգտագործել էլեկտրոնային ծրագրեր՝ պարզելու համար բաժանորդի գտնվելու վայրն ու այն անձանց կոնտակտային տվյալները, որոնց հետ նա կապի մեջ է եղել (բայց ոչ հեռախոսազրույցի բովանդակությունը)։ Առաջարկվում է տվյալներ հավաքել նաև բաժանորդի առողջական վիճակի մասին, այդ թվում այնպիսի տվյալներ, որոնք բժշկական գաղտնիք են հանդիսանում։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ այս միջամտությունը սահմանափակվելու է հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետներով, իսկ տվյալները կփոխանցվեն միայն պատասխանատու մարմիններին։ Քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի բացահայտման համար պատասխանատվություն է նախատեսված, ընդհուպ՝ քրեական։

Սակայն սա դեռ ամբողջը չէ, Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հավելվածի միջոցով, որը իրենք` քաղաքացիները, պետք է վերբեռնեն իրենց հեռախոսների մեջ։ Ընդ որում՝ իշխանությունները դեռ չեն որոշել, թե ինչպես են հետևելու այն քաղաքացիներին, որոնք կհրաժարվեն տեղադրել հավելվածը, կամ որոնք ընդհանրապես սմարթֆոն չունեն (հետևաբար, հավելվածը վերբեռնելու հնարավորություն չկա)։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում IT փորձագետ Վահան Հովսեփյանը նշեց, որ ԱԺ–ում քննարկումն ակնհայտորեն մի բան է ցույց տալիս` օրենսդրական փոփոխությունների ընդունումը կհանգեցնի բջջային օպերատորների եկամտի խիստ նվազման։ Սա իր հերթին կազդի հարկային մուտքերի վրա, մարդիկ անցում կկատարեն մեսենջերների, կվախենան գաղտնալսումից, ավելի քիչ կօգտվեն ձայնային զանգերից։

«Սակայն այստեղ հարցը նույնիսկ ոչ թե եկամտի նվազումն է, այլ այն, որ նախ, եթե մարդիկ դադարեն բջջային կապի միջոցով զանգեր կատարելուց, ապա բազմակի անգամ կնվազի զանգերի վերահսկման արդյունավետությունը։ Ստացվում է, որ ամբողջ այդ ներդրվող համակարգը կողմնորոշվելու է նրանցով, ում հետ նման բան անել հնարավոր է, իսկ դա արդեն ունիվերսալ լուծում չէ», – ասաց Հովսեփյանը։

Մյուս կողմից` եթե պահանջ դրվի մշտապես սմարթֆոն ունենալ ձեռքին, ապա անհրաժեշտ է բոլորին ապահովել դրանցով, ինչն անիրատեսական է։

«Հաղորդագրությունների, մեսենջերների միջոցով իրականացվող զանգերը որսալու համար այդ սմարթֆոնների վրա հետևող ծրագրեր դնելն ընդհանրապես «Մեծ եղբոր» շարքից է, բացի այդ, նման պահանջները կարելի է շրջանցել VPN–ի միջոցով», – նշեց Հովսեփյանը։

Այսպիսով, ըստ էության, իշխանությունները հսկայական իրավունքներ կունենան, սակայն նման մեթոդներով խնդիրը լուծելը չափազանց անարդյունավետ կլինի, իսկ գուցե նաև անհնար, նշեց մասնագետը։

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացու հեռախոսազանգերի տվյալների հավաքագրում, այսինքն՝ ում է զանգահարել, երբ, որքան է տևել զանգը, և առանց դրա բովանդակության մասին իմանալու՝ կասկած հայտնել նրա գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

«Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից», – գրել է Մարտիրոսյանը։

Եվ հետո, ըստ փորձագետի՝ հարկավոր է ստեղծել տվյալների հավաքագրման և ապագայում դրա ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողություն։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում հիմնվել չի կարելի։

Մի քանի օր առաջ Sputnik Արմենիան գրել էր այն մասին, որ սմարթֆոնների համար ՀՀ իշխանությունների ներկայացրած AC19 հավելվածը, որը պարզում է կորոնավիրուսի վտանգը օգտատերերի համար, փորձագիտական հանրության շրջանում կասկած է առաջացրել նրա իրական նշանակության վերաբերյալ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am