Ի՞նչ վիճակում է կորոնավիրուսով վարակված արցախցին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ վիճակում է կորոնավիրուսով վարակված արցախցին

Արցախի Միրիկ գյուղի բնակչի առողջական վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը` հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

«Ներկա պահին անհանգստացնող բան չկա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված` նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:

Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ն ախտահանիչ նյութեր և հիգիենիայի պարագաներ է բաժանել Միրիկ գյուղի բնակիչներին:

Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք` վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց: